211652_close_icon
views-count4066 դիտում article-date 21:08 23-11-2018

ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հղիության ապօրինի ընդհատումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում տվյալներ ձեռք չեն բերվել՝ բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հղիության ապօրինի ընդհատումներ կատարելու վերաբերյալ, քրեական գործով վարույթը կարճվել է։ 2017 թվականի նոյեմբերին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ստացվել էր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ղեկավարության կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, բժշկական բարձրագույն կրթություն չունեցող՝ նույն հոսպիտալի արտահաստիքային կոնսուլտանտի կողմից հղիության ապօրինի ընդհատում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ զինվորական դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և 122-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը։ Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀԿԳ քննիչին, մշակվել է քննչական պլան, և բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ քննությունն ապահովելու նպատակով ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հարցաքննություններ, նշանակվել փորձաքննություններ, հարցումներ ուղարկվել համապատասխան իրավասու մարմիններին, կատարվել առգրավումներ։ Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությունը, ի պատասխան ստացվող բազմաթիվ հարցումների՝ տեղեկացնում ենք, որ նախաքննության արդյունքում քրեական գործի հարուցման առիթ հանդիսացած նախնական տվյալները չեն հիմնավորվել։ Մասնավորապես՝ պարզվել է, որ հոսպիտալի արտահաստիքային կոնսուլտանտն իրականում ունի բարձրագույն բժշկական կրթություն։ Վերջինս 1974 թվականին ավարտել է Դաղստանի պետական բժշկական ինստիտուտը՝ բժշկական գործ մասնագիտությամբ, իսկ 1975թ.՝ Տամբով քաղաքի թիվ 3 հիվանդանոցի բազային ինտերնատուրան՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ, որից հետո նրան շնորհվել է բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգի որակավորում։ 1978 թվականից մասնագիտական գործունեություն է իրականացնում Երևանում. աշխատել է Երևան քաղաքի կլինիկական երկաթգծային հիվանդանոցում՝ որպես մանկաբարձ գինեկոլոգ։ Հետագայում կլինիկան վերակազմավորվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկայի զինվորական հոսպիտալ, որտեղ նա շարունակել է աշխատել մինչև 2005 թվականի հունվարը, ապա ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի հրամանով նշանակվել նույն հոսպիտալում՝ որպես արտահաստիքային կոնսուլտանտ: ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված գրության համաձայն՝ բժշկուհին ունեցել է ՀՀ-ում բժշկական մասնագիտացված գործունեություն իրականացնելու լիցենզիա և իրավասու եղել իրականացնել ինքնուրույն գինեկոլոգիական գործունեություն, այդ թվում՝ կատարել հղիության արհեստական ընդհատումներ։ Հոսպիտալում կոնսուլտանտի կողմից կատարված հղիության արհեստական ընդհատումները եղել են թույլատրելի, դրանցից յուրաքանչյուրը չի ունեցել հակացուցումներ և հղիության ընդհատումներից հետո չեն եղել բացասական հետևանքներ։ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարչությունում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ դատախազը որոշում է կայացրել՝ արտահաստիքային կոնսուլտանտի և զորամասի կարգավիճակ ունեցող հոսպիտալի հրամանատարության նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով և քրեական գործով վարույթը կարճել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր