211652_close_icon
views-count3495 դիտում article-date 17:20 25-11-2018

Առաջին անհրաժեշտության ապրանքները մի քանի անգամ թանկացել են. «դուխով» գլխարկով, պարո՛ն վարչապետ, ժողովրդին չես կերակրի. Է. Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես մտահոգ եմ եղել և՛ 5 տարի առաջ, և՛ 10 տարի առաջ, և՛ մտահոգ եմ այսօր: Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով նման դիտարկում արեց ԱԺ փոխնախագահ, խորհրդարանական ընտրություններին մասնակցող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը: «Բայց եթե 5 կամ 10 տարի առաջ ես մտահոգ էի, որովհետև ունեի իշխանություն և պատասխանատվություն, և ինձնից կար շատ սպասելիք, որոնց մի մասը արդարացվել է, մի մասը՝ ոչ, ապա այսօր մտահոգ եմ, որովհետև այս 7 ամիսների ընթացքում տեսնում եմ լուրջ մարտահրավերներ մեր պետության, մեր ազգի, մեր հոգևոր և ազգային արժեքների նկատմամբ»,- ասաց նա: Շարմազանովը, հարց ուղղելով նոր իշխանություններին, թե նոր Հայաստան եք հռչակում, որ ասեք, թե ձեզնից առաջ ոչ մի լավ բան չի եղել ու մտահոգ չլինենք, նշեց. «Մտահոգ ենք: Ձեր նշած «նոր Հայաստանում» որևէ լուրջ զենքի մատակարարում Հայաստանի բանակին չի եղել»,- ասաց նա՝ նշելով, որ այդ մասին ասվել է հրապարակային, և դա մտահոգիչ է: Էդուարդ Շարմազանովը նաև հարց բարձրացրեց՝ մտահոգվելու չէ՞, որ մսամթերքը, բանջարեղենը, առաջին անհրաժեշտության ապրանքները մի քանի անգամ թանկացել են: «Նայե՛ք գները մայիսին և այսօր: Թե՞ մեր ժողովուրդը միայն բանան պետք է ուտի: Մեռան աչքներս կոխելով, որ բանանն էժանացել է: Նույնիսկ ժողովուրդը նման կատակ է անում, ասում է, որ ամանորից հետո կարող ենք սառնարանի դռները բացել, միայն «դուխով» գլխարկ տեսնենք: Դուխով գլխարկով, պարո՛ն վարչապետ, ժողովրդին չես կերակրի: Մտածի՛ր տնտեսությունը զարգացնելու մասին: Քայլերթը լավ է ստացվում, ինչ խոսք, բայց տնտեսություն պետք է զարգացնես»,- նշեց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր