1988 դիտում
21:26 28-11-2018
21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում հյուրընկալվել է «Բերթելսման» հիմնադրամում: Այն հայտնի վերլուծական կենտրոն՝ թինք-թանք է, որն ուսումնասիրություններ է կատարում և լուծումներ է առաջարկում համաշխարհային տնտեսական, քաղաքական ու սոցիալական լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար։
Նախագահ Սարգսյանը հանդես է եկել «Հայաստանը 2018 թվականին և տարածաշրջանը» խորագրով ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի մրցակցային առավելությունները և նշելով այն երեք կետերը, որոնց առկայությունը հետաքրքիր է դարձնում Հայաստանը համագործակացության առումով։
«Թույլ տվեք բացատրել, թե ինչու է Հայաստանը կարևոր այսօր:
Կկենտրոնանամ երեք կետերի վրա: Դրանք են՝ ճիշտ ժամանակը, ճիշտ տեղն ու ճիշտ մոդելը:
Մենք 21-րդ դարասկզբում ենք: Ամեն բան փոխվում է և փոխվում է սրընթաց կերպով: Կարծում եմ՝ քաղաքական ու տնտեսական առումով ճիշտ ժամանակն է տեսնել, թե ինչ է կատարվում աշխարհում:
Խոսելով տնտեսության մասին՝ մենք հաճախ անդրադառնում ենք ինդուստրիալ հեղափոխություններին: Ես համաձայն չեմ, որ մենք ապրում ենք 4-րդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում, քանի որ կարծում եմ, որ տեղի է ունենում ոչ թե հեղափոխություն, այլ սրընթաց էվոլյուցիա:
Աշխարհը հինգ տարի անց տեխնոլոգիապես այլ է լինելու՝ շատ ավելի ինտեգրացված և փոխկապակցված: Ոմանք ասում են, թե գլոբալիզացիայի գործընթացները դանդաղել են, սակայն ես կրկին համաձայն չեմ այս մտքի հետ: Գլոբալիզացիան գուցե դանդաղել է, սակայն այն վերածվել է միկրոգլոբալիզացիայի, և այդ գործընթացն անհնար է կասեցնել:
Իհարկե, երբեմն մեր վարքագիծը քվանտային բնույթ է ունենում՝ այն առումով, որ հնարավոր է դառնում քվանտային ֆիզիկան կիրառել սոցիալական ու քաղաքական գործունեության վրա: Այսինքն, ամեն բան չունի դասական վարքագիծ, տնտեսությունն ու քաղաքականությունը դասական ձևով չեն իրականացվում: Այս ամենը բազմաթիվ օրինակներ ունի, որոնցից մեկն էլ հայկական հեղափոխությունն է:
Հայաստանի համար ճիշտ ժամանակն է այն առումով, որ մենք մուտք ենք գործել քվանտային քաղաքականության ու ինդուստրիաների 21-րդ դար:
Երկրորդը կետը կամ գործոնը վայրն է: Երբ դիտարկում ենք Հայաստանի ոչ թե վիրտուալ, այլ ֆիզիկական դիրքը, ապա պետք է նկատենք, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, համաձայնագիր ունի Եվրամիության հետ: Հայաստանը միակ երկիրն է, որ այս երկու արդյունքն ունի, ուստի այն կարող է դառնալ կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև: Հայաստանը կարող է տնտեսական առումով ավելի մեծ շուկա առաջարկել:
Պետք է հաշվի առնել, որ բացի երկրի ներսի 3 մլն բնակչությունից, մի քանի անգամ ավելի հայեր ապրում են արտասահմանում՝ Կալիֆոռնիայից, Նյու Յորքից մինչև Սինգապուր և Բոմբեյ, Բուենոս Այրես և Մերձավոր Արևելք: Հայկական համայնքը շատ կազմակերպված է, առաջադեմ ու հաջողակ: Նրանց շնորհիվ կարող ենք ասել, որ հայ գործարարների վարկանիշը շատ դրական է՝ նրանք ջանասեր մարդիկ են: Եվ այս ամենը 21-րդ դարում մեծ գնահատանքի է արժանանում:
Բացի այդ, արտասահմանում բնակվող հայերը մեծապես ներգրավված են այն գործընթացներում, որոնք տեղի են ունենում Հայաստանում, ինչը շատ կարևոր է: Հայաստանը փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ: Ինչը շատ կարևոր է 21-րդ դարում:
Բացի այդ, Հայաստանը կարող է կարևոր կապող օղակ լինել Հյուսիսի ու Հարավի միջև, քանի որ բարիդրացիական հարաբերություններ ունի Վրաստանի ու Ռուսաստանի, հարավի, այդ թվում՝ և Պարսից ծոցի երկրների հետ: Այսինքն, այն իսկական խաչմերուկ է և դարեր շարունակ ծառայել է որպես այդպիսին:
Ստացվում է, որ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է: Այժմ խոսենք մոդելի մասին:
Եթե 20-30 կամ 50 տարի հետ նայենք, այն ժամանակ մենք կխոսեինք մի մոդելի մասին, որը համարվում է փակ մոդել: Հիմա փոքր Հայաստանը ունի մեծ սփյուռք, ողջ աշխարհում ապրում է 12-15 մլն հայ:
Որպես երկրի նախագահ՝ պետք է ասեմ, որ շատ կարևոր է, որ աշխարհում բնակվող բոլոր հայերը նախ և առաջ լինեն լավ քաղաքացի այն երկրի համար, որտեղ ապրում են: Դու չես կարող օգնել քո սեփական երկրին, եթե ապրես գետտոյացված: Դու պետք է ինտեգրվես հասարակությանն ու լինես լավ քաղաքացի այն երկրում, որտեղ բնակվում ես: Միայն դրանից հետո կարող ես քո կապերն ունենալ պատմական հայրենիքի, այս դեպքում՝ Հայաստանի հետ: Այս պարագայում միայն կարող ես շատ օգտակար լինել հայրենի երկրիդ, քանի որ սա բաց մոդել է, իսկ քվանտային քաղաքականության 21-րդ դարում այլ մոդելներ չեն կարող լինել»:
Նախագահն անդրադառնալով մեր երկրի մյուս առավելություններին՝ նշել է երիտասարդական ոգին և նոր տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացը:
«Սա երիտասարդ Հայաստան է, երկիրն ունի ոգի, որը նայում է դեպի ապագա ու համոզված է, որ այն ավելի լավն է լինելու, քան նախկինում: Ցանկացած այցելու, գալով Հայաստան, կզգա նույնը՝ դա երիտասարդ սերունդ է, երիտասարդ երկիր:
Հայաստանը հակում ունի նոր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մասնավորապես՝ մաթեմատիկայի ու ֆիզիկայի նկատմամբ: Այսօր երկիրն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ամենաառաջատար ոլորտը տարածաշրջանում:
21-րդ դարի տեխնոլոգիաները հիմնված են լինելու նորարարությունների, հետազոտությունների ու զարգացման վրա: Սա Հայաստանի ժամանակն է, քանի որ նորարարությունները, հետազոտություններն ու զարգացումը նաև տնտեսության ապագան են:
Այսինքն, մենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ենք և ճիշտ մոդել ունենք»:
Նախագահն անդրադարձել է նաև ներքաղաքական իրավիճակին: «Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Մենք կարող ենք հպարտ լինել, որ այսօր, երբ սկսվել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, բնակչության մեծամասնությունը վստահ է, որ այս ընտրությունները լինելու են ազատ և արդար: Հավատում եմ, որ ընտրություններում կհաղթի Հայաստանի բնակիչների կամքը: Ընտրություններից հետո մենք կսկսենք մի կարևոր ուղևորություն, որը մեծ ապագա է ունենալու»:
Նմանատիպ նյութեր
14792 դիտում
13:40 28-12-2014
Շատ հայտնի հայ օլիգարխներ կնախանձեին նման մարդկանց, ովքեր ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
505 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը