211652_close_icon
views-count1515 դիտում article-date 11:54 03-12-2018

Պետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից իրենց իրավունքների ինքնուրույն և արժանապատիվ իրացումը. ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ: Ներկայացնում ենք ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը. «Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ ՄԱԿ-ի կողմից սահմանված այս օրը ևս մեկ անգամ առիթ է բարձրաձայնելու, որ մեր երկրում առկա կարծրատիպերի արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ չեն դիտվում որպես իրավունքի կրող, հասարակության լիիրավ անդամ: Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ կիրառվող՝ հաշմանդամության բժշկական մոդելի պատճառով հաշմանդամություն ունեցող անձինք չեն դիտվել որպես իրավունքի լիիրավ սուբյեկտներ եւ չի կարեւորվել նրանց անկախ ապրելու իրավունքը: Ուստի, չափազանց կարեւոր է բժշկական մոդելից սոցիալական կամ, ինչպես նաև այն անվանվում է, մարդու իրավունքների մոդելի անցումը, որի շնորհիվ կկոտրվեն առկա կարծրատիպերը: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։ Պաշտպանն իր տարեկան զեկույցներում, ինչպես նաև պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանրային քննարկումների ժամանակ մշտապես բարձրաձայնում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները։ Այսօր դեռևս առկա են պետական կառույցներ, ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ, որոնք հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Պետությունը պետք է ստեղծի հավասար հնարավորություններ և պայմաններ, որպեսզի վերջիններս որպես իրավունքի լիարժեք սուբյեկտ ինքնուրույն իրացնեն իրենց իրավունքները։ Պետք է երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ ներգրավվածությունը քաղաքական, մշակութային ու տնտեսական կյանքին։ Չափազանց կարեւոր է նաեւ տեղեկությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ այն նպաստում է ինքնուրույն որոշումների կայացմանը, իրավունքների եւ հնարավորությունների մասին իրազեկմանը եւ հասարակությունում լիարժեք ինտեգրմանը։ Հատուկ ուշադրության է արժանի հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրները։ Այսօր երեխաների համար դեռևս հասանելի կամ ամբողջովին հասանելի չեն հաշմանդամության վաղ հայտնաբերման եւ վերականգնողական անվճար ծառայությունները, ներառական կրթությունը, հատկապես` նախադպրոցական փուլում: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման ոլորտում առկա խնդիրներին հիմնարար լուծումներ գտնելու համար անհրաժեշտ է համատեղ և սրտացավ աշխատանք»:

Նմանատիպ նյութեր