2111 դիտում
15:33 07-12-2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության ուղերձը՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր ողջ հայ ժողովուրդը և շատ շատերն աշխարհում վերստին հիշում ու վշտակցություն են հայտնում 30 տարի առաջ Հայաստանին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ:
Անդառնալի կորուստը մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներն էին, ովքեր զոհ գնացին բնական արհավիրքին: Աղետի մասշտաբներն այնքան մեծ էին, որ բացված վերքը նույնիսկ այսօր սպիացած չէ և հիշեցնել է տալիս իր մասին գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքում: Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում ավերիչ երկրաշարժի բոլոր զոհերի հիշատակին, մեր զորակցությունն ենք հայտնում նրանց հարազատներին և հույս հայտնում, որ անցած տարիների ընթացքում նոր ծնունդներով հնարավոր է եղել ինչ-որ կերպ ամոքել կորստի ցավը:
Աննկարագրելի մեծ էր նաև նյութական կորուստը: Հարյուր հազարավոր հայրենակիցներ վայրկյանների ընթացքում կորցրեցին այն ամենն, ինչը մի քանի սերունդների ջանքերով կառուցել էին քարը քարի վրա դնելով:
Սպիտակի երկրաշարժը պատուհասեց պատմական մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը կրկին մեկտեղվել էր ազգային ազատագրական պայքարի դրոշի ներքո: Եվ թվում էր, թե բնական արհավիրքն ի զորու է կոտրել մեր ոգին: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ կորստի ցավը ոչ միայն հետ չպահեց մեզ մեր ազգային իղձերից, այլ էլ ավելի համախմբեց: Համախմբեց և հնարավորություն տվեց միասնաբար հաղթահարել խորը վիշտը:
Մեր վշտի հետ մենք չմնացինք միայնակ: Հաշված ժամերի ընթացքում հայ ժողովրդի կողքին էին ոչ միայն ԽՍՀՄ կազմի մեջ մտնող միութենական հանրապետությունները, այլև ողջ միջազգային հանրությունը: Մարդասիրությունն ու բարեգործությունն այդ օրերին առատորեն թակեցին մեր դուռն ու իրենց ջերմությամբ և անկեղծությամբ ստիպեցին ոչ միայն ապավինել համայն մարդկության օգնությանն, այլև օգնեցին վերապրել: Եվ այսօր առիթ է կրկին անգամ մեր խորը երախտագիտությունը հայտնելու բոլոր այն անձանց, կազմակերպություններին ու պետություններին, որ այդ ողբերգության օրերին ու դրանից հետո մեր կողքին էին:
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր՝ երկրաշարժից 30 տարի անց, ցանկալի կլիներ խոսել երկրաշարժի հետևանքների իսպառ վերացման մասին: Եվ թեև շատ բան արվել է, սակայն բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մեզ չի հաջողվել անել ամբողջը: Միաժամանակ, սակայն, մեզ հաջողվել է ամենակարևորը՝ դասեր քաղել:
Եվ վստահաբար կարող ենք պնդել, որ չնայած դժվարություններին, անցած երեք տասնամյակների ընթացքում մենք միասնաբար կարողացել ենք ստեղծել նախադրյալներ, որոնք կապահովեն բնական ու սոցիալական աղետները հաղթահարել առանց անդառնալի կորստի:
Աստված պահապան մեր ժողովրդին:
[b]Հայաստանի Հանրապետական կուսակցություն[/b]
Նմանատիպ նյութեր
3035 դիտում
21:16 07-12-2018
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ վրացի բժիշկը պարգևատրվել է դեսպանության շնորհակալագրով
Այս բաժնից
856 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»