211652_close_icon
views-count4055 դիտում article-date 19:18 14-12-2018

ՀՀ զինվորական դատախազության ուսումնասիրությամբ պարզված՝ ՀՀ ՊՆ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր

Ինչպես արդեն տեղեկացվել էր ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվել էին ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն: Հիշեցնենք՝ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել էր, որ հայտնաբերված՝ պայմանագրային չկատարված պարտավորությունների ընդհանուր արժեքը կազմել էր մոտ 700 միլիոն ՀՀ դրամ, իսկ ընդհանուր առմամբ 1 միլիարդ 317 միլիոն դրամ կազմող 4 տարբեր պայմանագրերով մատակարար կազմակերպություններին թեև տրվել է ավելի քան 620 միլիոն ՀՀ դրամի կանխավճար, սակայն անգամ այդ դեպքում նշված պայմանագրերով շուրջ 230 միլիոն դրամի չափով պարտավորություն չի կատարվել: Նկատի ունենալով, որ նշված դեպքերի առթիվ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյաները առերևույթ վկայում են ՀՀ քրեական օրենսգրքի 376–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ/ հանցագործության հատկանիշների առկայության մասին՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից հարուցվել են երկու առանձին քրեական գործեր, որոնց մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմաբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազների կողմից։ Բացի վերը նշված երկու դեպքից ՀՀ Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է նաև, որ միևնույն տեխնիկական միջոցի տարբեր մասերի վերանորոգման համար 2013-2015թթ․ նույն կազմակերպության հետ կքնվել են 3 պայմանագրեր: Դրանց շրջանակներում, որպես ծառայության գումար, վճարվել է 220.000.000 ՀՀ դրամ, և վերանորոգման համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռքբերման համար ծախսվել է շուրջ 58.000.000 ՀՀ դրամ, սակայն, նշված տեխնիկական միջոցը մինչ օրս գտնվում է անսարք վիճակում և պիտանի չէ շահագործման համար։ Ուսումնասիությունների արդյունքները վկայում են այն մասին, որ Ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ 2015թ. մայիսի 8-ին կնքված պայմանագրի շրջանակներում միայն ստանալով ընդհանուր 120․000․000 ՀՀ դրամի չափով կանխավճար, շուրջ 3 տարի չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, իսկ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից գործուն միջոցներ չեն ձեռնարկվել Ընկերության ստանձնած պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու կամ սահմանված ընթացակարգով պայմանագրի էական պայմանի խախտման հիմքով լուծարման գործընթաց նախաձեռնելու, վճարված կանխավճարը հետ ստանալու և հաշվարկված տույժերը գանձելու ուղղությամբ, ինչը, կանխավճարի վճարման պայմաններում, բավարար հիմքեր է տալիս կասկածի տակ դնելու ՀՀ ՊՆ կարիքների համար անհրաժեշտ ծառայությունների գնման պլանավորման, պետական ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև վերը նշված ծառայությունների գնման անհրաժեշտությունը։ Վերոհիշյալ փաստերը քննության առարկա դարձնելու, պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով ուսումնասիրության փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն: Պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվող ուսումնասիրությունները շարունակվում են, դրանց արդյունքների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն: [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր