211652_close_icon
views-count3215 դիտում article-date 10:53 15-12-2018

Բոլորս պետք է պատրաստ լինենք գիլյոտինին՝ բառիս ուղիղ կամ փոխաբերական իմաստով․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Թե ինչու անցած ընտրություններում «Իմ քայլը» ստացավ 884456 ձայն (70,43 տոկոս)՝ առանձնապես բացատրել պետք չէ: Այդ ձայները վաստակեց Նիկոլ Փաշինյանը, որն իրականացրեց քաղաքացիների ճնշող մեծամասնության երազանքը՝ ազատեց նրանց ատելի իշխանությունից, որի հետ այդ մեծամասնությունը կապում էր անձնապես իր, ինչպես նաև մեր երկրի բոլոր խնդիրները: Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ բացի Փաշինյանից, այդ նույն քաղաքացիները չեն տեսնում որևէ մեկ այլ գործչի, որին պատասխանատու կհամարեն վերոհիշյալ խնդիրների լուծման համար: Մնացածն ընթանում է դասական հեղափոխական կանոններով: Համընդհանուր աջակցության և մեծամասնության կողմից բոլոր քննադատող ձայները կոպտորեն լռեցնելու պայմաններում կառավարությունն արդեն գործել է մի շարք սխալներ, այդ թվում՝ միջազգային ասպարեզում: Հաշվի առնելով վարչապետի բռնկուն բնավորությունը՝ նման դեպքերը կարող են կրկնվել նաև հետագայում: Հեղափոխության առանձնահատկությունը նաև այն է, որ դրա կողմից միացրած ռեպրեսիվ թափանիվը օբյեկտիվորեն դժվար է կանգնեցնել: Դա տեղի է ունենում անգամ իշխանությունների կամքից անկախ՝ այդպիսին է հասարակության պահանջը: Այնպես որ, ենթադրում եմ, «նախկին իշխանություններով» ամեն ինչ չի սահմանափակվի: Հետո հերթը կհասնի դրանց ենթադրյալ համակիրներին, հետո համակիրների համակիրներին և այլն: Այդպիսին է հեղափոխության տրամաբանությունը: 18-րդ դարի վերջում «Ազատություն, հավասարություն և եղբայրություն» հռչակած ֆրանսիացի հեղափոխականներն իրականում հաստատեցին դաժան բռնապետություն, որը, սակայն, ժողովրդի մեծամասնությանը դուր էր գալիս: Ամբոխը հրճվում էր, երբ Ռոբեսպիերն ու նրա հեղափոխական ընկերները գիլյոտին էին ուղարկում թագավորին և ազնվականներին՝ անեծքներ ուղղելով մահապատժի ենթարկվողներին: Ամբոխը նույնպիսի հրճվանք էր ապրում, երբ Ռոբեսպիերը գիլյոտին էր ուղարկում իր հեղափոխական ընկերներին՝ նույնպիսի անեծքներ ուղղելով «դավաճաններին»: Պակաս չէին ամբոխի հրճվանքը և անեծքներն այն ժամանակ, երբ գիլյոտին էին տանում իրեն՝ Ռոբեսպիերին: Եվ ի՞նչ: Ֆրանսիացիներն ամեն տարի տոնում են իրենց հեղափոխության տարեդարձը, իսկ հեղափոխականներին հերոս են համարում, որովհետև նրանք կարևոր խնդիր էին լուծում՝ ապացուցում էին, որ մարդիկ ի ծնե որևէ արտոնություն չունեն, բոլորն Աստծու առաջ հավասար են: Այժմ մենք բոլորս պետք է պատրաստ լինենք գիլյոտինին՝ բառիս ուղիղ կամ (այնուամենայնիվ, 21-րդ դարն է) փոխաբերական իմաստով: Դա չի նշանակում, որ պետք է վախենանք մեր դիրքորոշումը հայտնելուց: Բայց նաև չի նշանակում, որ պետք է թերագնահատել հայաստանյան թավշյա հեղափոխության պատմական դրական նշանակությունը: Ինչ էլ տեղի ունենա մեկ ամիս կամ մեկ տարի հետո՝ հեղափոխությունը առաջիկա տասնամյակների համար ազդեցիկ դաս կլինի ցանկացած իշխանության համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր