211652_close_icon
views-count1460 դիտում article-date 18:06 18-12-2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է լոլիկի ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացման հարցը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր խորհրդակցություն` լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետեր, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների ղեկավարներ, գիտնականներ, ֆերմերներ, ոլորտի այլ պատասխանատուներ: Հանդիպման սկզբում Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ չնայած նախորդ տարիներին ցեցի դեմ իրականացված պայքարի միջոցառումներին` բնակլիմայական պայմաններով պայմանավորված ընթացիկ տարում այն զգալի վնաս է հասցրել լոլիկի դաշտերին և պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում շատ արագ կարող է տարածվել ամբողջ հանրապետությունում` վնասելով մորմազգի մշակաբույսերի ցանքատարածությունները: Գառնիկ Պետրոսյանի խոսքով` հետագա վնասը կանխելու նպատակով 2019 թվականի համար մշակվել է պայքարի արդյունավետ միջոցներ, ըստ որի նախատեսվում է լոլիկի ցանքատարածքներում իրականացնել ֆերոմոնային թակարդների կիրառմամբ մշտադիտարկում, ինչը հնարավորություն կտա արագ հայտնաբերել վարակի օջախները, ճշգրտել պայքարի միջոցառումների ժամկետները և այդ մասին իրազեկել հողօգտագործողներին։ Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ ցեցի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է համակողմանի մոտեցում և ուսումնասիրություն` խնդրի վերաբերյալ առկա տեսական գիտելիքների և ֆերմերների պրակտիկ փորձի համադրմամբ: Կարևորվել է նաև հողօգտագործողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը զանգվածային լրատվամիջոցների, խորհրդատվական ծառայությունների և տեղեկատվական գրքույկների միջոցով: Այնուհետև հանդիպման մասնակիցները ներկայացրել են խնդրի հնարավոր լուծման իրենց տարբերակները և հնչեցրել մի շարք առաջարկներ, այդ թվում` նաև մարզերից մեկում պիլոտային ծրագրի իրականացման վերաբերյալ: Ամփոփելով հանդիպման արդյունքները` Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանգամանորեն կուսումնասիրի բոլոր առաջարկները` դրանք ծրագրային փաստաթղթում ներառելու նպատակով:

Նմանատիպ նյութեր