85890 դիտում
15:06 20-12-2018
Բաց նամակ՝ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին. Դուք կարո՛ղ եք Սիսիանի մահաբեր ոլորաններում վերջ դնել սգո պսակների ու հուշաքարերի տեղադրմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բաց նամակ է ուղղել ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին, որում ասվում է.
«Վերջին օրերին հանրապետությունը ցնցվեց Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Սիսիանի վարչական տարածքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարների լուրով։ Ավտովթարներին զոհ դարձան 4 քաղաքացի, որոնցից մեկի դեպքում ընտանիքի անդամներ էին, իսկ մեկում էլ՝ 5-ամյա երեխա, իսկ հիվանդանոցներում մինչև այսօր բուժում են ստանում վիրավորները, որոնցից 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։
Հարգելի նախարարի պաշտոնակատար, Պարոն Արշակյան,
այն, որ վերջին տարիներին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ այն ժամանակվա նախարար Վահան Մարտիրոսյանի, «Հայավտոճան» ընկերության այն ժամանակվա գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ, իսկ վերջին ամիսներին նաև՝ Ձեր կողմից և «Հայավտոճան» ընկերության ներկայիս գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետևողական աշխատանքների արդյունքում Երևանից դուրս՝ մարզային ու միջհամայնքային ճանապարհներին կատարել է հսկայական աշխատանքներ, դա փաստ է. վերացվել են վտանգավոր ճանապարհային խոչընդոտները, տեղադրվել են երկաթբետոնե արգելապատնեշներ, եվրոպական չափանիշներին համապատասխան ցուցանակներ։
Հարգելի Պարոն Արշակյան,
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175-րդ կմ հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել. միայն վերջին 1 շաբաթվա ընթացքում՝ 6 դեպք, որից 2-ը՝ ողբերգական։ Հավատացե՛ք, որ նախկին նախարար Վ. Մարտիրոսյանը քաջածանոթ էր այդ խնդրին և տվել էր հանձնարարական, որպեսզի այդ հատվածում տեղադրվեն բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներ։ Այդ հատվածում բացակայում են նաև ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակները։
Որպես խնդրանք, կարծում եմ, նաև՝ ոչ միայն իմ, այլև բազմահազար վարորդների ու քաղաքացիների կողմից, Դուք կարող եք ժողովրդի կողմից «Սիսիանի մահաբեր ոլորաններ» կոչվող հատվածում վերացնել այդ խոչընդոտները և Ձեր մի կարգադրությունը բավական է, որպեսզի պատկան մարմինները գործի անցնեն։
Արդեն մի քանի օր է, այդ հատվածում մահացածների հարազատներն այցելում և ծաղիկներ են խոնարհում։ Դուք կարող եք վերջակետ դնել և խնդիրը լուծել՝ ի շահ քաղաքացու և Ձեր այդ քայլով Դուք բազմաթիվ կյանքեր կփրկեք»։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/13/1112692/?fbclid=IwAR3kDxyV9UgHwZqeJNkEJ-amMz4ehDlM4Yv2HIsMam03vBAfX6dIGs5Dcd0]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 13-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 15:30–ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175-րդ կմ հատվածում բախվել էին Opel մակնիշի 35 XT 407 համարանիշի և Skania մակնիշի 16 E 482 -10 համարանիշի ավտոբուսը:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էին, մի քանի հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալ:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, մահացածներին էլ ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ Սիսանի ոստիկանապետի գլխավորությամբ:
Դեպքի վայրի զննություն էին կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ճանապարհն ամբողջովին պատված էր եղեկ մերկասառույցով, և տեղի ճանշինը ոչ մի աշխատանքներ չէր կատարել՝ ճանապարհի մշակման ուղղությամբ, ինչն էլ դարձել էր ողբերգական ավտովթարի պատճառ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վթարից 1 ժամ անց նոր միայն տեղի ճանշինականները բարեհաճել էին ու սկսել ճանապարհին աղ ու ավազ լցնել։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/17/1113033/?fbclid=IwAR0a9RUN_HT2NjgwYNBl_GPEQzgp0edXNEkpuksf22KOkWzSRL1P_CyGfSw]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 17-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 17:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի բնակիչ, 45-ամյա Արիստակես Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 35 RP 689 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 5-ամյա Միլենա Գրիգորյանը տեղում մահացել էր, իսկ վարորդ Ա. Գրիգորյանը, մյուս ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 39-ամյա Քրիստինե Ամյանը, 14-ամյա Մարտիկ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սիսիան քաղաքի Աղիտուի զինվորական հոսպիտալ, իսկ մյուս ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 20-ամյա Սամվել Հակոբյանը և 5 ամսական Մարիաննա Գրիգորյանը մարմնական վնասվածնքերով տեղափոխվել էին Սիսիանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:
Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչ Գյոզալյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի աղջիկն էր: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ճանապարհը եղել էր անցանելի, տեղի ճանշինականները կատարել էին ճանապարհի մշակման աշխատանքներ, սակայն նշված հատվածում հաճախակի են ավտովթարներ տեղի ունենում, իսկ եթե տեղադրված լինեին երկաթբետոնե արգելապատնեշներ, ապա հնարավոր է՝ ավտոմեքենան ձորում չհայտնվեր։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2627 դիտում
14:21 18-02-2020
Բակո Սահակյանն ընդունել է Հակոբ Արշակյանին