2382 դիտում
10:09 22-12-2018
Սփյուռքի նախարարությունը փակելու որոշումը բացասական արձագանք է գտնելու նաև արտերկրի մեր հայրենակիցների մոտ. ՀՅԴ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Կառավարության որոշումը՝ նախարարությունների օպտիմալացման ծրագրի մասին, որի համաձայն՝ մշակույթի նախարարությունը պետք է միանա կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունը՝ դառնա վարչություն արտաքին գործերի նախարարության կազմում:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Հ. Յ.Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը, քննելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, խոր մտահոգություն է հայտնում առաջադրվող մի շարք փոփոխությունների վերաբերյալ:
Առանց հայեցակարգի, պատշաճ հիմնավորման ու հանրային քննարկման նախարարությունները միավորելու, մի շարք պետական կառավարման մարմիններ վերակազմակերպելու և լուծարելու կառավարության նախաձեռնությունը որևէ քննադատության չի դիմանում։ Խնդրահարույց և կամայական այդ որոշումը հղի է լրջագույն բացասական հետևանքներով։ Չժխտելով օպտիմալացման միջոցով պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ չկշռադատված և շտապողական ցանկացած քայլ համարում ենք անընդունելի։ Հատկապես անթույլատրելի է Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների, որպես առանձին պետական կառավարման մարմինների, գոյությունը հարցականի տակ դնելու մոտեցումը:
Սփյուռքի հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու, մեծ հայրենադարձություն կազմակերպելու մասին կառավարության հայտարարած նպատակները, թվում էր, պետք է հանգեցնեին հայեցակարգային նոր մոտեցումների որդեգրման։ Սակայն Սփյուռքի նախարարության գործունեությունը վերարժևորելու փոխարեն՝ առանց լայն, համակողմանի հանրային և փորձագիտական քննարկման որոշում է կայացվել լուծարել նախարարությունը։ Համահայկական կառույցի բացը մասամբ լրացնող Սփյուռքի նախարարությունը փակելու որոշումը վստահաբար բացասական արձագանք է գտնելու նաև արտերկրի մեր հայրենակիցների մոտ:
Անկախ նրանից, թե վերոնշյալ նախարարությունն իր առջև դրված խնդիրները կարողացել է լուծել, թե ոչ, այն կոչված է ոչ միայն հանդիսանալու արտերկրի ու Հայաստանի հայությանն իրար կապող պետական հիմնական օղակը, այլեւ հայությանը մեկ ու ամբողջական տեսնելու գաղափարական մոտեցման դրսևորումն է։
Սփյուռքի ամրապնդումն ու հզորացումը ռազմավարական կարևոր խնդիր է և հայրենիքի անվտանգության ու առաջընթացի հիմնական երաշխիքներից մեկը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում երկրի իշխանություններին՝ վերանայել կառավարության կառուցվածքի մասին շրջանառության մեջ դրած օրենքի նախագիծը և հատկապես Սփյուռքի նախարարությանը վերադարձնել իր իսկական առաքելությունը՝ ըստ հարկի նորոգված ու բարեփոխված օրակարգով»:
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
17:36 30-09-2014
Արտերկրի մեր հայրենակիցների հետ skype-ի միջոցով կայացավ հերթական ուղիղ կապը
1039 դիտում
15:55 13-10-2014
Հոկտեմբերի 14-ին Skype-ի միջոցով կկայանա հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ
1313 դիտում
17:11 04-11-2014
Արտերկրի մեր հայրենակիցների հարցերին Skype-ի միջոցով տրվեցին սպառիչ պատասխաններ
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»