211652_close_icon
views-count2646 դիտում article-date 23:18 24-12-2018

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի ինքնուս լուսանկարիչ Գուրոսի գեղանկար և լուսանկար աշխատանքների ցուցահանդեսը

Դեկտեմբերի 25-ին, ժամը 14: 00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի ինքնուս լուսանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Գուրոսի (Գուրգեն Պարոնյան) գեղանկար և լուսանկար աշխատանքների ցուցահանդեսը։ Գուրոսը ծնվել է Գորիսում` Մելիք Օհանյանների հայտնի գերդաստանում։ Քսաներկու տարեկանից զբաղվել է լուսանկարչությամբ` փաստագրել հայրենի բնաշխարհի գողտրիկ անկյունները, ամենահետաքրքիր ու նվիրական պատկերները, գորիսեցիների, քաղաքի կենցաղը, կասկադային ճարտարապետություն ունեցող գյուղերը: Գուրոսի հույզերն ու ապրումները յուրովի են արտահայտվում նաև կերպարվեստում։ Նրա ստեղծագործություններում զգացվում է անսահման սեր ու նվիրվածություն ծննդավայրին, բնությանը: Գուրոսի` պատմական հուշարձաններին նվիրված գեղանկար աշխատանքներից քսանհինգը, նաև՝ բնօրինակ ապակե սևանկարների մի զգալի մասը (1988 թ.) պահվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում։ Ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվելու են պատմական հուշարձաններին նվիրված բարձրորակ կրկնօրինակներ՝ կատարված սևանկարներից և քսանհինգ գեղանկար աշխատանք։ Հ. Գ. 1928-ին Գորիսում Գուրոսը բացել է գեղարվեստական լուսանկարչատուն, որը գործել է մինչև 1932թ.։ 1933թ-ին ընտանիքով Գուրոսը տեղափոխվել է Երևան։ Լուսանկարչի կյանքում շրջադարձային է եղել ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանի հետ հանդիպումը: Վարպետի միջնորդությամբ 1936թ. Գուրոսը ուսանել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում (6 ամիս)։ Նույն տարում մասնակցել է նաև հանրապետական ցուցահանդեսների: 1945, 1958, 1968 թթ․ կազմակերպել է անհատական ցուցահանդեսներ Երևանում, 1939, 1958 թթ․ Մոսկվայում մասնակցել է հայկական արվեստի տասնօրյակներին։ [b] «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին[/b]

Նմանատիպ նյութեր