3336 դիտում
22:55 26-12-2018
ԱՄՆ դեսպանատունը գաղտնալսող սարք չի նվիրաբերել․ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հերքումը
«Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգը իր բնույթով, ինչպես նաև տեխնիկական հնարավորություններով առհասարակ նախատեսված չէ գաղտնալսումներ կատարելու համար՝ հայտարարել է ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոն՝ հերքելով համացանցում հայտնված տեղեկությունը, թե ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իրենց նվիրաբերել է գաղտանլսող սարք։ Հերքման տեքստը ստորեւ․
«Համացանցում 2018 թվականի դեկտեմբերի 25-ին և 26-ին հայտնված տեղեկատվության՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից 2016թ. ապրիլին գաղտնալսող սարքերի ձեռքբերման և դրանք 2016թ. հունիս ամսին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին նվիրաբերման կապակցությամբ, հարկ է նշել, որ 2016թ-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ ոլորտում համագործակցության (ԹՊԻՀ/INL) ծրագրի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին է նվիրաբերել «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգը: Նշված համակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն առկա է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և տվյալ համակարգը արտադրողի պաշտոնական կայքերում՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի սարք-սարքավորումների ցանկը համալրվեց ևս նոր «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգով և https://www.cellebrite.com/en/products/ufed-ultimate/):
Հարկ է նշել, որ տվյալ համակարգը նախատեսված է միայն բջջային հեռախոսների, պլանշետային համակարգիչների և GPS սարքավորումների լայն տեսականու հիշողության կրիչներում պարունակվող տեղեկատվության (կարճ հաղորդագրություններ, վերջին զանգեր, կոնտակտային տվյալներ, լուսանկարներ, ձայնագրություններ, տեսագրություններ, էլ.փոստ, Chat-հաղորդագրություններ, ինտերնետի օգտագործման պատմություն, մուտքանուններ, գաղտնաբառեր, GPS կոորդինատներ և այլն) արտածման, վերծանման, վերականգնման և վերլուծման համար: Ներկայումս տվյալ համակարգը ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ արդյունավետ կիրառվում է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների կատարման ընթացքում՝ ապահովելով հետազոտությունների բազմակողմանիությունն ու լրիվությունը: Հատուկ պետք է ընդգծել, որ նշված հետազոտական համալիրն իր բնույթով, ինչպես նաև տեխնիկական հնարավորություններով առհասարակ նախատեսված չէ գաղտնալսումներ կատարելու համար:
Տվյալ համակարգի կիրառումը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետությունում՝ ի դեմս «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի, ապահովել իրականացվող նշված տեսակի փորձաքննությունների կատարման պատշաճ մակարդակը՝ քրեական վարույթն իրականացնող մարմիններին տրամադրելով օբյեկտիվ և արժանահավատ փորձագիտական եզրակացություններ:
Միևնույն ժամանակ հարկ է տեղեկացնել, որ համացանցում նշված հրապարակման մեջ տեղադրված փաստաթղթի էլեկտրոնային պատճենում զետեղված անգլերեն լեզվով տեքստը հանդիսանում է «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգի հնարավորությունների համառոտ նկարագրությունը:
Ամփոփելով վերոգրյալը հարկ է նշել, որ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին 2016թ-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից նվիրաբերվել է գաղտնալսող սարք, չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է ակնհայտ ապատեղեկատվություն:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ՀՀ Կառավարության և ԱՄՆ-ի Կառավարության միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի շրջանակներում 2004 թվականին Հայաստանի Հանրապետությունում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրումից ի վեր ԱՄՆ կառավարության կողմից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջոցով INL ծրագրի շրջանակներում ձեռնարկվել են մեծածավալ աջակցության միջոցներ, իրականացվել արժեքավոր նվիրատվություններ և ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում ի դեմս «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջազգային չափանիշներին համապատասխան հետազոտական հնարավորություններով օժտված բազմապրոֆիլ խոշորագույն դատափորձագիտական կառույցի հիմնադրման համար՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական բնագավառի արդիական հնարավորությունների ապահովմանն ու կիրառմանը քրեական հետապնդման և արդարադատության իրականացման ոլորտում՝ նպաստելով իրավապահ համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, հանցավորությանն ու կոռուպցիային համարժեք հակազդմանը, նաև անդրազգային հանցագործությունների դեմ պայքարին»:
Նմանատիպ նյութեր
1532 դիտում
17:12 13-03-2014
Արա Զոհրաբյանը հյուրընկալվել է փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենին
947 դիտում
16:06 28-11-2014
Երևանի քաղաքապետարանը կհամագործակցի Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»