211652_close_icon
views-count4040 դիտում article-date 14:50 29-12-2018

Պիտի լինենք զգոն և համախմբված. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ամանորյա շնորհավորական ուղերձը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և ծառայողներ, 2018 թվականը շատ բուռն էր իր կտրուկ փոփոխություններով, որոնք, հավատացած եմ, հայոց բանակի զարգացումը կդարձնեն արգասաբեր և համակողմանի` դրանով նպաստելով մեր երկրի սահմանների խաղաղությանն ու անդորրին: Տարին հագեցած էր իրադարձություններով` փոքր ու մեծ ձեռքբերումներով: Մեկնարկեց բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը, որի իրագործման արդյունքում զինված ուժերը կհագենան սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր և կարևորը` արդիական ձեռքբերումներով: Այս համատեքստում կարևոր իրադարձություն էր «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտ ամսին անցկացված ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը` նվիրված ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը, մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացմանը, նոր կապերի ստեղծմանն ու հատկապես սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում հայրենական արտադրության ցուցադրմանը: Ուրախալի փաստ է այն, որ հենց հայրենական արտադրության հեռակառավարվող սարքերի որոշ տեսակներ արդեն իսկ կիրառվում են առաջնագծում` զինվորին հնարավորինս զերծ պահելով անմիջական կրակի վտանգից: Զինված ուժերի կենսունակության ապահովման կարևոր գրավականներից են դեռ 2017 թվականին ներդրված և 2018 թվականից իրագործվող ժամկետային այլընտրանքային ծառայության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնք նախընտրելի դարձան հարյուրավոր երիտասարդների համար: Անցնող տարին հարուստ էր զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներով: Այդ առումով հատկապես պետք է առանձնացնել «Միջազգային բանակային խաղեր-2018»-ի շրջանակներում «Տանկային բիաթլոն» մրցույթում հայ տանկիստների փայլուն ելույթը, առաջին անգամ Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկ» մրցույթը, արդեն 2-րդ անգամ անցկացվող «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, զորամիավորումների զորամասերում, զորավարժարաններում շտաբային զորավարժությունները, մարտական հրաձգությամբ մի շարք զորավարժություններ: Իրադարձություններ, որոնք, անխոս, նպաստում են հայ զինծառայողի` տեսական և գործնական գիտելիքների կատարելագործմանը, ցանկացած իրադրությունում ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությանը, միջազգային հարթակներում մեր զինված ուժերի ըստ արժանվույն ներկայացմանը, պետական կառավարման համակարգի բոլոր օղակների արդյունավետ և ներդաշնակ փոխգործակցության ամրապնդմանը: Ձեզնից յուրաքանչյուրը հայոց բանակի մի մասնիկն է, և զինծառայողների սոցիալական ապահովմանն ուղղված մի շարք ծրագրերը, որոնք, հուսով եմ, շարունակական կլինեն, հնարավորինս կբարելավեն ու կապահովեն յուրաքանչյուրիդ բարեկեցիկ ներկան ու երաշխավորված ապագան: Ժողովրդի կամքով արտահայտված նոր խորհրդարանի ձևավորմամբ 2019 թվականին մեր պետությունը թևակոխելու է զարգացման նոր փուլ: Անկանխատեսելի են հակառակորդի գործողությունները, և հնարավոր է, որ նա փորձի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով: Այդ ամենի կանխումը հենց մեր զինված ուժերի խնդիրն է: Պիտի լինենք զգոն և համախմբված: Պիտի լինենք ուժեղ, որ չլինի պատերազմ... Շնորհակալություն եմ հայտնում սահմանին կանգնած զինծառայողներին: Խոնարհվելով զոհվածների հիշատակի առջև` շնորհակալություն նաև նրանց ընտանիքներին: Կորուստները չպետք է վհատեցնեն և թուլացնեն, այլ պետք է համախմբեն և, եթե դրանք եղել են թերացումների ու սխալների հետևանքներ, ապա դառը փորձը պետք է ավելի բարձրացնի զգոնությունն ու պատասխանատվությունը: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Գալիք տարին թող լինի խաղաղության, կայունության, համերաշխության, նոր ձեռքբերումների ու նվաճումների տարի: Թող բոլորի ընտանիքներում լինեն երջանկության բազմաթիվ պահեր, թևածի ուրախությունը, տիրի ջերմություն ու խաղաղ մթնոլորտ: Այդ ամենն, անշուշտ, փոքր ընտանեկան օղակից կներթափանցի մեծ ընտանիք` հայոց բանակ, որտեղ յուրաքանչյուրի փոքր քայլերով կերտված ճանապարհը առհավատչյան կլինի մեծ հաղթանակներով ապագայի: Ամենայն բարիք բոլորիս: Շնորհավոր Նոր տարի»:

Նմանատիպ նյութեր