Որսագողություն Տավուշի մարզում. 32-ամյա տղամարդը իր մոտ պահվող ապօրինի հրացանով Հովք գյուղի դիմացի անտառում եղնիկ է սպանել
Երեկ՝ դեկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ապօրինի որս կատարելու կասկածանքով Հովք բնակավայրի հարևանությամբ գտնվող «Գոշավան» կայարանի մոտից Դիլիջանի ոստիկանություն են բերման ենթարկել Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, 32-ամյա Վազգեն Գևորգյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա մոտ հայտնաբերվել է երկփողանի 12 տրամաչափի որսորդական հրացան, իսկ ավտոմեքենայում եղած ուսապարկի մեջ 1 գլուխ սպանված եղնիկ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որսագողը ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում խոստովանել է, որ եղնիկը որսացել է Հովք գյուղի դիմացի անտառում՝ իր մոտ եղած ապօրինի պահվող նշված հրացանով:
Դիլիջանի ոստիկանությունը սպանված եղնիկը փաթեթավորել և ուղարկել է ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի տեսչական մարմնին: Հրացանի փաստով էլ նշանակվել է փորձաքննություն:
Որսագողը ստորագրությամբ ազատ է արձակվել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: