211652_close_icon
views-count8299 դիտում article-date 19:09 04-01-2019

Ափսոսացեք ձեզ, աղբակույտեր նկարողներ, դուք ավելիին եք ընդունակ. Երևանի փոխքաղաքապետի գրառումը

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մայրաքաղաքի աղբի խնդրին: Նա, մասնավորապես, գրել է. «Երևանը հանրապետության կեսն է` գրեթե բոլոր պարամետրերով: Իսկ հանրապետությունը կանգնած է հսկայական մարտահրավերների առաջ: Ու աղբի նկարներով օր լուսացնելն ու մթնեցնելը, հավատացեք, մեր երեխաներին աշխարհի լավագույն պետություն թողնելու ամենակարճ ճանապարհը չէ: Աղբը վաղը կլուծվի, Սանիթեքը վաղը կգնա, ամեն ինչ կգա իր տեղը, վստահեցնում եմ, դրա բոլոր նախադրյալները ստեղծել ենք արդեն, կենցաղային խնդիրներն ամենահեշտ լուծվողն են: Ափսոսացեք ձեզ, աղբակույտեր նկարողներ, դուք ավելիին եք ընդունակ, դուք հավանաբար ավելի մեծ առաքելություն ունեք, որն աղբամաններից հեռու է: Չափազանց մանր են այն խնդիրերը, որոնց վրա դուք վատնում եք ձեզ, ու չափազանց կարճաժամկետ, քանզի աղբի, ասֆալտի փոսերի, խցանված դիտահորերի ու փողոցային առևտրի խնդիրները շաբաթներ կամ ամիսներ անց չեն լինելու: Հասկացեք, մենք ունենք շատ ավելի լուրջ ու վտանգավոր խնդիրներ. անհամաչափ արագ հնացող բնակարաային ֆոնդ, քաղցկեղածին ու անմխիթար էկոլոգիա` բնապահպանական կոլապսով, օր օրի որակազրկվող կրթություն ու դրա հետևանքով դեգրադացված առողջապահություն, տեխնոլոգիական կրիզիս, հսկայի տեմպերով աշխարհից հետ ընկնող տնտեսություն, համատարած դեմոտիվացված անձնակազմեր: Սա ազգային անվտագության խնդիր է: Մնացած ամեն ինչի մասին. Պետք է բոլոր ներդրումներն ուղղել մարդկային կապիտալին, դա մեր ամենամեծ պոտենցիալ ունեցող կապիտալն է, հայկական գենը ներդրում է ուզում: Այնտեղ որտեղ այն գտնվել է, տեղի են ունեցել աշխարհի գլխավոր առաջընթացները: Եւ այն միշտ գտնվել է օտար երկրներում: Հիմա այն կա նաև մեր պետությունում: Պետք է անխնա ֆինանսավորել մանագետների կրթումը, ներսում, դրսում, ու վճարել նրանց ավելին, քան կարելի է պատկերացնել: Եվ այդ դեպքում կփոխվի ներդրումային էֆեկտիվության բալանսը: Միայն այդ դեպքում միավոր ներդրված դրամի ավելացված արժեքը կստանանք բազմապատիկ ավել: Մենք այլընտրանք չունենք: P.S. Ձվի մեջ մազ փնտրելու սիրահարներին` շարադրանքս ամենեւին աղբի դարակազմիկ թեմայից աղբաքննադատներին շեղելը չէր»:

Նմանատիպ նյութեր