211652_close_icon
views-count3842 դիտում article-date 17:28 05-01-2019

Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ

Այսօր արդեն առաքելական եկեղեցին սկսում է տոնել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը. տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Նշենք, որ ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Ճրագը խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը, կամ պահքից դուրս են գալիս հունվարի 6-ին՝ Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո: Մարդիկ միմյանց ողջունում են այսպես. «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:

Նմանատիպ նյութեր