16730 դիտում
11:13 12-01-2019
2019թ. թանկացումների 3 ալիք է սպասվում․ առաջին ալիքն արդեն ընթացքի մեջ է․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Թեև Կենտրոնական բանկը հայտարարում է, որ 2018 թվականին գնաճը կանխատեսվածից ավելի ցածր է, այնուհանդերձ ասել, որ տարին զերծ էր թանկացումներից, միանշանակ սխալ կլինի: Տարվա ընթացքում թանկացումները հաստատել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օգոստոս ամսին երևանյան շուկաներում իր կատարած շրջայցի արդյունքում: Դրանից բացի, ակնհայտ է, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում կյանքն ակնհայտ թանկացել է, օրինակ՝ ալյուրի գինը բարձրացել է շուրջ 10 տոկոսով, որի արդյունքում էլ առաջնային մթերք համարվող հացը մի շարք խանութներում 100 դրամի փոխարեն սկսել են վաճառել 120 դրամով: Սակայն, եթե 2018թ. դեպքում կարող ենք տարին ավարտված և արհավիրքներն ինչ- որ կերպ հաղթահարված համարել, ապա արդեն մեկնարկած 2019թ. այս առումով այնքան էլ խոստումնալից չէ: Ավելին՝ 2019թ. թանկացումների առնվազն 3 ալիք է սպասվում:
Թանկացումների առաջին ալիքը, որ արդեն իսկ ընթացքի մեջ է, կապված է Հայաստանի ԵԱՏՄ միասնական մաքսային համակարգին ինտեգրվելու շարունակական գործընթացի հետ: Բանն այն է, որ ՀՀ-ի և ԵԱՏՄ այլ երկրների մաքսատուրքերի միջև կար հսկայական տարբերություն, և 2014թ. որոշվեց այդ ապրանքների մի մասի շուրջ 800 ապրանքատեսակի մաքսատուրքերը բարձրացնել աստիճանական՝ այդպիսով նպատակ ունենալով մեղմել կենսական նշանակություն ունեցող ապրանքների կտրուկ թանկացումը, ինչը ֆիքսվել է Հայաստանի՝ ԵԱՏՄ- ին միանալու պայմանագրի առանձին հավելվածով: Համաձայն վերջինիս, 2019թ. հունվարի 1-ից արդեն իսկ բարձրացել են երրորդ երկրներից ներմուծվող մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքերը, որը շատ մոտ ապագայում կարտացոլվի նաև ապրանքների շուկայական գների վրա: Այդ ապրանքատեսակներն են.
1. Առաջին անհրաժեշտության մթերքներ: Երրորդ երկրից ներմուծվող և այս ենթախմբին պատկանող հացահատիկային արտադրանքի մաքսատուրքը ըստ տեսակների բարձրանում է 2-4 տոկոսով, կարագի, բուսական ու կենդանական յուղի և ճարպային հիմքով այլ ապրանքներինը՝ 13%-ով:
2. Մսամթերք: 2019թ. առաջին իսկ օրից ներմուծվող մսամթերքի մաքսատուրքերը թանկանալու են 12,5%-ով, իսկ թռչնամսինը 22%-ով:
3. Գյուղմթերք: Գյուղատնտեսական արտադրանքը, ինչպես նաև բանջարեղենի որոշ տեսակներ կթանկանան 10-13%-ով: Սա ևս վերաբերում է այն ապրանքներին, որոնք ներմուծվում են 3-րդ երկրից, որի մեջ հիմնականում մտնում են ցիտրուսային մրգերը և ձմեռային սեզոնում ներմուծվող բանջարեղենը:
4. Գյուղատնտեսական նշանակության ապրանքներ: Այս ոլորտում ևս արձանագրվելու է մաքսատուրքերի ավելացում, որի արդյունքում առնվազն մաքսատուրքերի չափով թանկանալու են պարարտանյութերը 4%-ով, հացահատիկն ու կենդանական կերերը 2-4 %-ով, գյուղատնտեսական գործիքները 3-6%- ով: Հատկանշական է, որ հատկապես այս ապրանքների թանկացումը հանգեցնելու է նաև գյուղոլորտի տեղական արտադրանքի ինքնարժեքի բարձրացման:
Շինանյութ և տնտեսական ապրանքներ: Առաջիկայում 2-5 %-ով թանկանալու են նաև երրորդ երկրներից բերվող թուղթը, անձեռոցիկը, թելերը, կտորեղենը, գործվածքները:
Սպիտակեղենը և անկողնային պարագաները. կթանկանան 10 %-ով, փայտե արտադրանքը՝ 5-10 %-ով, կերամիկական սալիկները, լամպերը, ապակյա տարաները՝ 10 %-ով, լուսավորության համար օգտագործվող լամպերը՝ 12 %-ով, իսկ այլ տեսակի շինանյութը ավելի քան 5 %-ով:
Սպասվող ցանկը սրանով չի սահմանափակվում. այստեղ անհրաժեշտ է ավելացնել նաև, որ վերոնշյալ ապրանքների թանկացման արդյունքում կարձանագրվի նաև փոխկապակցված ապրանքների գների բարձրացում, որը կբերի ընդհանուր թանկացումների տնտեսության բոլոր ոլորտներում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4936 դիտում
09:13 21-11-2018
Քիչ խմեք-ծխեք. թանկացումների նոր ալիք է սպասվում. «Ժողովուրդ»
7288 դիտում
10:35 28-11-2018
Սպասվում է թանկացումների նոր ալիք․ «Հայոց աշխարհ»
7087 դիտում
09:06 04-02-2020
Թանկացումների նոր ալիք. թանկացող ապրանքների ցանկ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3202 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»