7291 դիտում
10:35 28-11-2018
Սպասվում է թանկացումների նոր ալիք․ «Հայոց աշխարհ»
«Հայոց Աշխարհ» թերթը գրում է. «Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն սպառողական ապրանքների թանկացումների նոր ալիքի։ Պատահական չէր, որ հասարակական դժգոհությունից խուսափելու համար կառավարությունն ամեն ինչ արեց, որ օրինագծի քննարկումները տեղափոխվեն խորհրդարանական ընտրություններից հետո։
Սակայն խնդիրը միայն թանկացումները չեն։ Տուժելու է նաև տեղական արտադրողը՝ արտաքին շուկաներում կորցնելով մրցունակությունը։ Սա որևէ կերպ չի տեղավորվում հայրենական արտադրությանն աջակցելու կառավարության ազդարարվող մտադրությունների մեջ։
Խնդիրները կապված են ակցիզային հարկի փոփոխությունների հետ։ Ինչպես հայտնի է, կառավարությունը պատրաստվում է բարձրացնել մի շարք ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը։ Նախատեսվում է ընդլայնել նաև հարկային դաշտում ընդգրկված ապրանքների շրջանակը։
Իրականում ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում մինչ այդ էլ սպասվում էր։ Սակայն այդ հարցում նոր իշխանությունները գերազանցեցին նախորդներին։
Ժամանակին ակտիվորեն պայքարելով ակցիզային հարկի փոփոխությունների դեմ՝ այժմ հեղափոխականները պատրաստվում են շատ ավելի ինտենսիվորեն ավելացնել հարկի բեռը։ Խոսքը մասնավորապես ալկոհոլային խմիչքների և ծխախոտի մասին է։ Հաշվի առնելով դրա հետևանքները այդ ապրանքների գնաճի վրա՝ նախկին կառավարությունը հարկի բեռի ավելացման շատ ավելի մեղմ սցենար էր նախատեսել. տարեկան 10-15 տոկոսի չափով։
Այս սցենարը, սակայն, նոր իշխանություններին չի բավարարում։ Ուստի առաջարկվում է ակցիզային հարկի բեռի շատ ավելի ագրեսիվ քաղաքականություն։
Էթիլային սպիրտի մեկ լիտրի համար ակցիզային հարկը նախատեսվում է ավելի քան կրկնապատկել։ Եթե նախորդ կառավարությունն առաջիկա երեք տարիների համար ամրագրել էր 900 դրամ հաստատուն ակցիզային հարկ, ապա նորն առաջարկում է արդեն 2019թ. սահմանել 2000 դրամ։ Հաջորդ երկու տարիներին այն կավելանա ևս 1380 դրամով։ Ընդհանուր առմամբ հարկի դրույքաչափը երեք տարվա ընթացքում գործող կառավարությունը, ի տարբերություն նախորդի, ծրագրում է բարձրացնել 3,7 անգամ։
Ակցիզային հարկի բեռի կտրուկ աճ է նախատեսվում նաև սպիրտային խմիչքների դեպքում։ Ակնկալվում է առաջիկա տարվա համար այն միանգամից բարձրացնել ոչ թե 16, ինչպես նախատեսել էր նախորդ կառավարությունը, այլ գրեթե 68 տոկոսով։ Դա նշանակում է, որ 120 դրամի փոխարեն այն կավելանա 485 դրամով։
Սպիրտային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափի նույնպիսի առաջանցիկ աճ է առաջարկվում նաև հաջորդ տարիների համար։ Երեք տարվա ընթացքում այն կեռապատկվի՝ գերազանցելով լիտրի դիմաց 2 հազար դրամը։ Հարկային բեռի նման կտրուկ փոփոխությունը ենթադրում է սպիրտային խմիչքների նույնքան ակտիվ
թանկացում։
Ընդ որում՝ կառավարությունը չի սահմանափակվել միայն դրանով և առաջարկել է բարձրացնել նաև օղու և էթիլային սպիրտի իրացման նվազագույն գները։ Սահմանված դրույքաչափը նախատեսվում է գրեթե կրկնապատկել՝ 1 լիտրի դեպքում ի սկզբանե նախատեսված 3,5 հազարից դարձնելով 6 հազար դրամ։
Թանկացումը չի շրջանցի նաև գարեջրի շուկան։ Սահմանված, այսպես ասած, հաստատուն 105 դրամ ակցիզային հարկը ևս կվերանայվի և առաջիկա երեք տարիներին կբարձրանա 45 դրամով։ Դրա հիմնական մասը բաժին կընկնի արդեն հաջորդ տարվան։ Ըստ այդմ, գարեջրի ակցիզային հարկը 105-ից կդառնա 140 դրամ կամ կավելանա 33 տոկոսով։ Ակցիզային հարկով կհարկվեն նաև խմիչքի այլ տեսակներ։
Սպասվում է ոչ միայն սպիրտային խմիչքների, այլև ծխախոտի կտրուկ թանկացում։ Միայն հաջորդ տարվա համար յուրաքանչյուր տուփի ակցիզային հարկը կբարձրանա գրեթե 50 դրամով։ Դա նշանակում է, որ միայն այդ գործոնի ուղղակի ազդեցությամբ ծխախոտի
միջին գինը այդքանով կավելանա։ Հասկանալի է, որ դա սիգարետի տարբեր տեսակների վրա տարբեր կերպ կարտահայտվի՝ կախված արտադրության ինքնարժեքից։
Հաջորդ երկու տարիներին ծխախոտի ակցիզային հարկը կավելանա ևս 3,1 հազար դրամով։ Դրա ազդեցությունը գների վրա յուրաքանչյուր տուփի հաշվով կլինի ավելի քան 62 դրամ։
Այդպիսով երեք տարվա ընթացքում միայն ակցիզային հարկի ծանրացման հետևանքով ծխախոտի յուրաքանչյուր տուփ կթանկանա միջին հաշվով 112 դրամով։
Հարկ է նշել, որ նախորդ կառավարությունն այս առումով շատ ավելի սահուն սցենար էր նախատեսել՝ սպառողների վրա թանկացման ազդեցությունը թուլացնելու նպատակով։ Դեռևս գործող հարկային օրենսգրքով երեք տարում ակցիզային հարկի ճնշումը ծխախոտի գների վրա հասնում է 76 դրամի։
Ակցիզային հարկի բեռի ավելացումով անշուշտ կառավարությունը նպատակ ունի համալրել պետական բյուջեի եկամուտները։ Սակայն դժվար չէ պատկերացնել, թե ում հաշվին։ Այն անուղղակի հարկ է, որի համար վճարում է սպառողը։
Այլ կերպ ասած, բյուջեի մուտքերը կառավարությունը պատրաստվում է ավելացնել սպառողների և ոչ թե ստվերային տնտեսության ծավալների կրճատման կամ բիզնեսի հարկման հաշվին։ Ակցիզային հարկը անմիջականորեն փոխկապակցված է գների հետ։ Որքան հարկը ավելանում է, այնքան այդ ապրանքները թանկանում են։ Մի բան, ինչը ոչ միայն ծանրանում է սպառողների վրա, այլև նվազեցնում է դրանց իրացումը։ Ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը կվնասի ինչպես ծխախոտի, այնպես էլ սպիրտային խմիչքների մրցունակությանը։
Նման քաղաքականությամբ, թե ինչպես է կառավարությունը խթանելու հայրենական արտադրությունը, դժվար չէ պատկերացնել։ Ակնհայտ է, որ դրանով նախապատվությունը տրվում է ոչ թե տնտեսությանը, այլ բյուջեին։ Որքան էլ ակցիզային հարկի բարձրացման հետևանքով ակնկալվող հավելյալ գումարները վճարելու է սպառողը, միևնույն է, դրա տնտեսական հետևանքները կրելու է արտադրողը, ինչը արտահայտվելու է հատկապես արտաքին շուկաներում մրցունակության կորստով։
Մի բան, ինչը եղել և շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրներից մեկը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4936 դիտում
09:13 21-11-2018
Քիչ խմեք-ծխեք. թանկացումների նոր ալիք է սպասվում. «Ժողովուրդ»
4130 դիտում
10:06 20-06-2020
Թանկացումների նոր ալիք է սպասվում. գազի գնի բարձրացման հետքերով. «Ժողովուրդ»
7087 դիտում
09:06 04-02-2020
Թանկացումների նոր ալիք. թանկացող ապրանքների ցանկ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»