10686 դիտում
22:08 16-01-2019
Օպերայի տարածքում սրճարանների փոխարեն քաղաքի ամենակենտրոնում արդեն այս տարի կկառուցվի նոր պուրակ. Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է նոր մոտեցումներ և ծրագրային հստակ քաղաքականություն որդեգրել մայրաքաղաքի կանաչապատման ոլորտում:
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանը անդրադարձել է 2019թ. ու հետագա տարիներին նախատեսված քաղաքի կանաչապատման ծրագրերին: «Մասնավորապես, այսուհետ Երևանի փողոցներում կատարվող ծառատունկի համար նոր չափանիշներ կկիրառվեն. կտնկվեն առնվազն 4 սմ տրամագծով, 2-3 տարեկան տնկիներ և բացառապես այն հատվածներում, որտեղ կա ոռոգման համակարգ: Կանաչապատմանը զուգահեռ՝ կստեղծվեն ոռոգման նոր համակարգեր. այս տարի նախատեսվում է շուրջ 5 կմ ոռոգման նոր ցանց կառուցել: 5 տարում Երևանում կտնկվի 500 հազար ծառ, ոչ միայն փողոցներում, այլև անտառ-պուրակներում: Մասնավորապես, այդպիսի նոր տարածք կստեղծվի Նուբարաշենի աղբավայրին հարող հատվածում. ավելի քան 20 հեկտարում կտնկվեն բարձրարժեք բազմամյա ծառեր: Հեռանկարում նախատեսվում է անտառ-պուրակի սահմաններն ընդլայնել և ներառել ներկայիս աղբավայրը՝ վերջինիս ծածկումից հետո:
Քաղաքի կանաչ կերպարը կփոխվի այն իմաստով, որ կտնկվեն նոր՝ ծաղկող ծառեր և թփեր, կլինեն նաև մի քանի նոր ծաղկատեսակներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, նախատեսվում է զարգացնել ուղղաձիգ կանաչապատումը՝ պատերի, վերգետնյա անցումների, պատշգամբների ու այլ հատվածների վրա: Քաղաքի հոբելյանի առիթով Երևանին նվիրված 2800 արծաթափայլ եղևնիները կպահվեն հատուկ տարածքում այնքան ժամանակ, մինչև մասնագետները որոշեն, որ դրանք կարող են ապրել «ինքնուրույն» ու կտնկվեն արդեն իրենց տեղերում: Խաչիկ Հակոբյանի խոսքով՝ էական է, որ քաղաքը սեփական բարձրարժեք բուսատեսակներն ունենա: Ըստ այդմ, կզարգացվեն տնկարանային և ջերմոցային տնտեսությունները: Այժմ համայնքն ունի 20 հեկտար տնկարաններ, այդ թվում՝ 6000 քմ ջերմոցային տնտեսություն: Նոր մոտեցմամբ կիրականացվի նաև ծառերի էտը, ընդ որում, էտված ճյուղերն ու փայտանյութը կմանրացվի և կօգտագործվի կանաչապատման ոլորտում:
«Երևանը կհրաժարվի այն ծառատեսակների կրապատումից, որոնց համար դա անհրաժեշտ չէ, կկրապատվեն միայն դրա կարիքն ունեցող ծառատեսակները: Այս առումով 2019-ը կլինի անցումային, ընթացքում հետևություններ կարվեն՝ որոշելու հետագա տարիներին կրապատման նպատակահարմարությունը:
Կկանաչապատվեն և կձևավորվեն Դավթաշեն-Աշտարակ նոր ճանապարհահատվածին, ինչպես նաև Մոնթե Մելքոնյան մայրուղուն հարող հատվածները: Հիմնանորոգվող մանկապարտեզների, դպրոցների և հանրային այլ կառույցների, նաև բակային տարածքներում ամբողջական կանաչապատում կիրականացվի, Հրազդանի կիրճն ու Երևանյան լճին հարող տարածքը կմաքրվեն: Երևան կբերվի 8500 խմ բուսահող, և հողային հատվածը կվերականգնվի սիզամարգային հատվածներում:
Օպերայի տարածքում քաղաքային իշխանության մոտեցումը ևս հստակ է: Սրճարանների փոխարեն քաղաքի ամենակենտրոնում արդեն այս տարի կկառուցվի նոր պուրակ: Կվերստեղծվի շուրջ 1 հեկտար կանաչ տարածք՝ նոր լուծումներով, բարձրարժեք ծառատեսակներով: Պուրակի նախագծման աշխատանքներն արդեն մեկնարկել են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
562 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
838 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել