211652_close_icon
views-count1823 դիտում article-date 15:32 30-01-2019

ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տրամադրեց «Իմ քայլը» դաշինքից Վարդան Աթաբեկյանին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորական մանդատ տրամադրեց «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով թիվ 4 ընտրատարածքում առավելագույն ձայներ հավաքած երկրորդ թեկնածուին՝ Վարդան Աթաբեկյանին: ԱԺ-ում պատգամավորական տեղը թափուր էր մնացել «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ընտրված Վահագն Գրիգորյանի՝ մանդատը վայր դնելու որոշումից հետո: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հունվարի 30-ին հրավիրված նիստում հայտարարեց, որ ստացվել է ԱԺ նախագահի գրությունը և կցված նաև արձանագրությունը՝ Վահագն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված համարելու մասին: «Սա հիմք է ծառայում նույն ընտրատարածքից առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին՝ Վարդան Նելսոնի Աթաբեկյանին տրամադրել պատգամավորական մանդատը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Մուկուչյանը: Արձանագրությունը ստորագրվեց ԿԸՀ վեց անդամների և նախագահ Մուկուչյանի կողմից: ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները կայացել են 2018թ. դեկտեմբերի 9-ին: «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանում 88 պատգամավոր ունի: Վահագն Գրիգորյանը, ով նախընտրեց աշխատել մասնավոր սեկտորում, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի 97-րդ համարն էր, իսկ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված էր Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում:

Նմանատիպ նյութեր