211652_close_icon
views-count1757 դիտում article-date 10:21 31-01-2019

Վաշինգտոնում նշել են Հայոց բանակի օրը․ «Ամերիկայի ձայն»

Հայկական բանակին նվիրված երգեր Վաշինգտոնում՝ այսպես Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատանը նշեցին Հայոց բանակի օրը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4765868.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Տասնյակ երկրների ռազմական կցորդներ և բարձր հյուրեր Պենտագոնից՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուպերն անձամբ էր եկել շնորհավորելու Հայաստանի բանակի տոնը: Իր խոսքի մեջ Պենտագոնի ներկայացուցիչն առանձին ընդգծեց՝ խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցությունը կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար. «Պաշտպանության նախարարության անունից առաջին հերթին ցանկանում եմ մեր շնորհակալությունը հայտնել Հայաստանի Զինված ուժերի անձնազոհ նվիրվածության համար՝ ամբողջ աշխարհում միջազգային գործողությունների և խաղաղապահ առաքելությունների իրականացման գործում»: Լիբանանում, Մալիում, Կոսովոյում և Աֆղանստանում հայ խաղաղապահների մասնակցությունը կարևորում են նաև Երևանում, ընդգծում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արման Մկրտչյանը. «Մենք հավատում ենք, որ ԱՄՆ-ի հովանու ներքո անցնող խաղաղապահ առաքելությունները լավագույն գործիքներից են՝ հակամարտությունները, զանգվածային բռնությունները կանխելու համար»: Խաղաղությունն անգին է, ընդգծում է գնդապետ Մկրտչյանը, և դրա պահպանման համար անհրաժեշտ են լուրջ ջանքեր: Այդ մասին Երևանում երբեք չեն մոռանում, ավելացնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը. «Առաջնորդվելով Հարավային Կովկասում և ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման առաքելությամբ՝ Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը շարունակում են արդիականացնել մեր զինված ուժերը: Մեր գործընկերների օգնությամբ շարունակվում են բարեփոխումները՝ ուղղված բարձր պատրաստականություն ունեցող զինված ուժերի կառուցմանը»: Ամերիկյան կողմը նույնպես պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ ռազմական հարաբերությունները, նշում է Լորա Քուպերը: Նրա խոսքով, մոտ ապագայում ինքը Երևան է այցելելու՝ տեղում քննարկելու հարաբերությունների խորացման հեռանկարները. «Մենք միասին ենք ներդրում կատարում ազատ և բարգավաճող Հայաստանի կառուցման գործում»:

Նմանատիպ նյութեր