211652_close_icon
views-count1841 դիտում article-date 18:43 04-02-2019

ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը մեկնաբանել է բազային ֆինանսավորման դադարեցման խնդիրը

ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին և պարզաբանել ԵՊՀ դիրքորոշումը պետության կողմից տրամադրվող բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին որոշման վերաբերյալ: ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը (այսուհետ՝ բազային ֆինանսավորում) սահմանվել է որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով: Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախևառաջ պարզաբանել է, թե ինչու է կառավարության որոշումն անակնկալ եղել: Նա նշեց, որ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գիտական գործունեության ֆինանսավորման երեք տեսակ է գործում՝ ենթակառուցվածքի պահպանում և զարգացում, թեմատիկ ծրագրերի ֆինանսավորում և նպատակային ծրագրեր: Նրա հավաստմամբ, օրենքում հստակ գրված է, որ նպատակային ծրագրերը և թեմատիկ դրամաշնորհներն իրականացվում են մրցույթով: Ենթակառուցվածքի պահպանման և զարգացման համար մինչ այժմ մրցույթ նախատեսված չի եղել, այլ միայն փորձաքննություն: «Ամեն տարի՝ մարտ ամսին, մենք և գիտական այլ կազմակերպություններ հայտ ենք ներկայացնում հաջորդ բյուջետային տարվա համար, ինչն արել ենք նաև 2018 թվականի մարտին: Այն հաստատվել է, բայց ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշմամբ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել է որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Գևորգյանը: ԵՊՀ պրոռեկտորի խոսքով՝ ԵՊՀ-ն չի խուսափում մրցույթից, այլ դեմ է կտրուկ շրջադարձերին. «Նախօրոք հայտարարվել է, որ պետք է ներկայացվեն ծրագրերը, ինչն արել ենք: Դեկտեմբերի 20-ից հետո գիտաշխատողների հետ էլ մեկ տարով երկարացրել ենք աշխատանքային պայմանագրերը, և հանկարծ դեկտեմբերի 27-ին որոշվել է, որ այդ ծրագրերը պետք է ֆինանսավորվեն մրցույթով: Ես լավ չեմ պատկերացնում ԵՊՀ ֆիզիկատեխնիկական հետազոտությունների կենտրոնի ֆինանսավորում մրցույթով: Այսինքն՝ ինչ-որ ուրիշ կազմակերպությո՞ւն կարող է շահել ԵՊՀ-ի ենթակառուցվածքը պահպանելու մրցույթը»: Գեղամ Գևորգյանը նշեց, որ այս պահին դեռ հայտնի չեն մրցույթի ժամկետները, և ինչքանով իրեն հայտնի է, մշակված էլ չեն մրցույթի անցկացման պայմանները. «Այսինքն, եթե նույնիսկ մոտակա շաբաթների ընթացքում հայտարարեն մրցույթ, և այն ընթանա բոլոր ընթացակարգերով, ապա ապրիլի սկզբին հավանաբար պարզ չեն լինի մրցույթի հաղթողների անունները: Այդ պատճառով Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ մենք ծանուցել ենք մեր աշխատողներին, որ 2019 թ. մարտի 31-ին լուծվելու է իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ իրենց կառուցվածքային ստորաբաժանման լուծարման, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հաստիքների կրճատման պատճառով»: Պրոռեկտորը լրագրողներին պարզաբանեց, որ ԵՊՀ-ում հունվարին վճարել են գիտաշխատողների աշխատավարձերը, դեռ երկու ամիս էլ կվճարեն, իսկ հետո, եթե ֆինանսավորում չլինի, այլևս չեն կարողանա: Այս պարտադրված ծախսերը համալսարանի համար կազմում են շուրջ 200 մլն դրամ (3 ամսվա աշխատավարձեր և հատկացումներ արձակման համար): «Ծանուցված գիտաշխատողները ԵՊՀ-ում 450-ն են, որոնցից 200-ը միայն գիտաշխատողներ են, իսկ մնացածը համատեղությամբ են աշխատում: Այսինքն՝ 200 գիտաշխատողներ կորցնելու են հիմնական աշխատանքը: Բացի դրանից՝ հունվարից նրանք զրկվել են գիտական կոչման համար նախատեսված 25 և 50 հազար դրամ հավելավճարներից, որովհետև ըստ կարգի՝ այդ հավելավճարը հատկացվում է այն գիտաշխատողներին, որոնք ֆինանսավորվում են ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից»,- ասաց Գեղամ Գևորգյանը: Լրագրողների հարցին, թե գիտական առումով ի՞նչ կկորցնի ԵՊՀ-ն, Գեղամ Գևորգյանը շեշտեց, որ գիտաշխատողների աշխատանքից ազատվելը միայն համալսարանի կորուստը չէ. «Դա գիտական միջավայրի կորուստ է ամբողջ հանրապետության համար։ Կառավարության այս որոշումը վերաբերում է ավելի քան 1000 գիտաշխատողի, որոնք տալիս են գիտական արտադրանքի կեսից ավելին։ Հիմա դուք ասեք՝ ի՞նչ կտա Մատենադարանի ֆինանսավորման դադարեցումը, ի՞նչ կտա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆինանսավորման դադարեցումը։ Եթե ԵՊՀ-ն իր կրթական մուտքերի հաշվին դեռ կշարունակի գոյատևել, աշխատել և փորձ անել նաև ինչ-որ չափով ապահովելու գիտության ֆինանսավորումը, ապա ի՞նչ պիտի անի Մատենադարանը, եթե դա նրա հիմնական ֆինանսավորման աղբյուրն է։ Այս հարցի պատասխանն օդում է»։ Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե բացառվո՞ւմ է արդյոք այն տարբերակը, որ որոշումն ընդունվել է, որ իր կարծիքով, անարդյունավետ գործող գիտաշխատողները կրճատվեն, ինչին ի պատասխան՝ ԵՊՀ պրոռեկտորն ասաց, թե բոլոր ոլորտներում էլ անարդյունավետ աշխատակիցներ լինում են, բայց այդ հարցի լուծումն այս եղանակով չպետք է արվի. «Ցանկացած երկրում կան հանցագործներ, սակայն դա չի նշանակում, որ երկիրը պետք է վերացնել: Պետք է պայքարել դրա դեմ: Գիտական ոլորտը քարացած չէ: Բավականին շատ գիտաշխատողներ ազատվում են աշխատանքից անարդյունավետ գործունեության համար, գալիս են նորերը, պարզապես մենք չենք բարձրաձայնում, քանի որ դա աշխատանքային գործընթաց է»: Իսկ հարցին, թե ըստ Գեղամ Գևորգյանի՝ ինչո՞ւ է ընդունվել այս որոշումը, պրոռեկտորը պատասխանեց, որ սա ավելի շուտ իրավիճակին լավ ծանոթ չլինելու հետևանք է. «Գուցե այդ որոշումը կայացնողները չեն գիտակցել, թե այն քանի հոգու է վերաբերելու, ինչ է նշանակում բազային ֆինանսավորում, կամ ինչ է նշանակում բավականին թանկարժեք ենթակառուցվածքը զրկել աշխատողից: Նորից եմ կրկնում, որ մենք մրցույթին դեմ չենք, մեր առաջարկի մեջ էլ կար, որ մտածենք ավելի արդյունավետ կառավարման ձևեր հիմնելու մասին, սակայն այդ ամենը պետք է կանխատեսելի լինի: Մարդը պետք է իմանա, որ առաջիկա վեց ամսում լինելու է ֆինանսավորում: Ես գրեթե վստահ եմ, որ այս իրավիճակը շտկվելու է, քանի որ ես չեմ կարծում, թե սա վնաս տալու նպատակով է արվել»: Հիշեցնենք, որ այս հարցի վերաբերյալ ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղարկել իր դիրքորոշումը: Մինչ այժմ պաշտոնական արձագանք չի ստացվել: Քնար Միսակյան

Նմանատիպ նյութեր