211652_close_icon
views-count2221 դիտում article-date 21:01 09-02-2019

Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ԱլԳ երկրների 6-րդ տարեկան համաժողովին

Փետրվարի 8-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Տալլինում մասնակցեց ԱլԳ երկրների 6-րդ տարեկան համաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին: Բացման խոսքով ելույթ ունեցավ Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը, ապա ԵՄ-ում Ռումինիայի նախագահության ներկայացուցիչ Դանուտ Սեբաստիան Նեկուլեսկուն ներկայացրեց նախագահության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը։ Համաժողովի շրջանակներում «Էվոլյուցիայի տասնամյակ. գնահատելով ԱլԳ անցած տաս տարիները» քննարկմանը որպես բանախոս մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց էստոնական կողմին Արևելյան գործընկերության հայեցակարգը և քաղաքականությունն առաջ մղելու գործում ունեցած շարունակական ջանքերի համար, ինչպես նաև՝ ԵՄ-ում Ռումինիայի նախագահությանը՝ իրենց նախագահության առաջնահերթությունների շարքում Արևելյան գործընկերության տեսանելիությունը խրախուսելու համար: Անդրադառնալով Արևելյան գործընկերության 10-ամյակին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ այն հարթակ է, որը ծառայում է արևելյան գործընկերների փոխգործակցությունը եվրոպական ուղղությամբ դյուրացնելու նպատակին: Նա հավելեց, որ ԱլԳ միաժամանակ լավ գործիք է եվրոպական արժեքներին համահունչ և եվրոպական մոդելին համապատասխան ազգային ինստիտուտների կառուցման համար: Այս առումով ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ ներկայացնում է մի երկիր, որտեղ 2018թ. ապրիլ-մայիս ամիսների Թավշյա հեղափոխությունը վստահաբար հնարավոր դարձավ նաև ավելի քան 27 տարվա ընթացքում ձեռք բերած ազգային ինստիտուցիոնալ կարողությունների շնորհիվ: «Արևելյան գործընկերությունը եղել և շարունակում է մնալ համագործակցության կարևոր հարթակ: Միաժամանակ Արևելյան գործընկերությունը չի կարող անմասն մնալ առավել լայն կոնտեքստից և Եվրոպայի հետ հարաբերակցության տարբեր մակարդակներից: Եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության մակարդակը նույնպես կարևոր է: Օրինակ, ես այսօր Տալլինում եմ նաև երկկողմ այցով: Էստոնիայի հետ ունենք արտակարգ օրակարգ՝ ուղղված երկկողմ փոխշահավետ համագործակցությունը խթանելուն, ինչպես նաև եվրոպական արժեքների համատեքստում եվրոպական օրակարգի առաջմղմանը նպաստելուն: Մենք նաև, որպես այդպիսին, կարևոր հարաբերություններ և հարուստ երկկողմ օրակարգ ունենք Եվրոպական միության հետ: Մեր հարաբերությունների ներկայիս իրավական հենքը Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որն իրենից ներկայացնում է կարևոր և արդյունավետ գործիք մեր բարեփոխումների օրակարգին աջակցելու և համագործակցությունը խորացնելու համար: Միաժամանակ մենք նաև այս կարևոր լրացուցիչ հարթակի՝ Արևելյան գործընկերության շահառուներն ենք»,- ընդգծեց նախարար Մնացականյանը: Առանձնացնելով Արևելյան գործընկերության գործառույթների երկու հարթակ՝ ԱԳ նախարար Մնացականյանը շեշտեց, որ առաջին հերթին այն Արևելյան գործընկերների և Եվրոպական միության միջև տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և հնարավորինս խորացնելու գործնական մոտեցում է, ինչպես նաև մեր հասարակությունների լայն ներգրավումն այսօրինակ համագործակցության մեջ: ԱԳ նախարարն ասաց, որ այն համագործակցություն չէ զուտ կառավարությունների միջև, և անցած 10 տարիների ընթացքում մեր հասարակությունները ներգրավվել են տարբեր այլ հարթակներում: Այս համատեքստում որպես դրական օրինակ նախարարը մատնանշեց գործարար համաժողովների անցկացումը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ ևս մեկ նմանատիպ միջոցառում էլ նախատեսվում է ռումինական նախագահության շրջանում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Արևելյան գործընկերության կողմից թվային օրակարգի առաջմղման և թվային տնտեսության խթանման շուրջ համագործակցության ծավալման համար ընձեռնված հնարավորությունները: Միաժամանակ վերջինիս կողմից ընդգծվեց քաղաքացիական հասարակության հարթակի և երիտասարդության դերն ԱլԳ օրակարգում՝ շեշտելով, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ազգային հարթակը կառավարության շատ կարևոր գործընկերն է. վերջինիս հետ առկա է բավական սերտ համագործակցություն ինչպես ազգային հարթակի շրջանակներում, այնպես էլ՝ ԱլԳ մակարդակում: «Արևելյան գործընկերության մյուս հարթությունը վերաբերում է այս գործընկերության բնույթը և պատկանելիությունը հասկանալու շարունակական բանավեճին: Արդյո՞ք սա Եվրոպական միության 28 անդամ պետությունների գործընկերությունն է 6 արևելյան գործընկերների հետ: Տասը տարի շարունակ մենք հարկադրված ենք վիճարկել այն ձևավորված ընկալումը, որ Արևելյան գործընկերությունը, ըստ էության, ավելի շատ գործընկերություն է Եվրոպական միության արևելաեվրոպական անդամների և արևելյան գործընկերների միջև: Իրականում առավել մեծ և կարևոր մարտահրավեր է ճանաչել ընդհանուր արժեքների և եվրոպական ինքնության ընդհանրության բնույթը՝ որպես Արևելյան գործընկերության առանցք: Այսպիսով, արդյո՞ք այն պետք է լինի Արևելյան գործընկերություն, թե՝ եվրոպական գործընկերություն», - եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը: Այնուհետև ԱԳ նախարար Մնացականյանը և քննարկման մյուս բանախոսները պատասխանեցին մասնակիցների բազմաթիվ հարցերի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր