211652_close_icon
views-count1725 դիտում article-date 15:33 17-02-2019

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։ Բարձր գնահատելով արաբական աշխարհի հետ Հայաստանի ավանդական ջերմ բարեկամական կապերը՝ նախարար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Աբուլ Ղեյտը քննարկեցին Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղության ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակի և դրա բարելավմանն ուղղված հնարավոր քայլերի շուրջ: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ հումանիտար իրավիճակը Սիրիայում, մասնավորապես հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները մշտապես եղել են Հայաստանի ուշադրության կենտրոնում, և Հայաստանը մտադիր է շարունակելու իր ներդրումը տեղում մարդասիրական առաքելությանը: Զոհրաբ Մնացականյանը և Ահմեդ Աբուլ Ղեյտն անդրադարձ կատարեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների:

Նմանատիպ նյութեր