51121 դիտում
13:24 19-02-2019
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու ВАЗ 21144-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի, դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի Մ3 կմ հատվածում՝ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 21144 մակնիշի 35 ZՍ 849 համարանիշի և Opel Vectra մակնիշի 35 TV 742 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, իսկ մեկին, ով ծայրահղ ծանր վիճակում է եղել, հիվանդանոց է տեղափոխել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։
Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Աբելյանը, ով այնուհետև վերադարձել է դեպքի վայր։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ վթարի վայրում զննություն էր կատարում հետաքննիչ Գ. Եղիազարյանը, հիվանդանոցիղ ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+