211652_close_icon
views-count1595 դիտում article-date 21:40 27-02-2019

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամները հայտարարություն են տարածել

[b] ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամները տարածել են հետևյալ հայտարարությունը։[/b] Հարգելի' համալսարանականներ, Վաղը ՝ փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին, տեղի է ունենալու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգային հարցը կառավարիչ-ռեկտորի լիազորությունների դադարեցումն է: Հաշվի առնելով թեմայի նկատմամբ հանրային ուշադրությունը` հարկ ենք համարում հանրայնացնել մեր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Շուրջ տասը ամիս է, ինչ առկա է լարվածություն մի քանի պաշտոնյաների և ԵՊՀ ղեկավարության միջև: Անձնական հակամարտությունները, ասուլիսային արդարադատությունը, ամեն գնով դիմացինին հաղթելու ցանկությունը մոռացնել է տվել համալսարանի շահն ու հեղինակությունը: Մենք խորապես մտահոգված ենք այս փակուղիով և ԵՊՀ զարգացման հեռանկարի անորոշությամբ: Վերլուծելով նիստի հրավիրման հիմքերը, օրակարգային հարցը, ինչպես նաև վերջին շաբաթներում տեղի ունեցածի ժամանակագրությունը` մենք ունենք հետևյալ դիտարկումները. 1. Որո՞նք են այս օրակարգային հարցով հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրելու պատճառները: Եթե հիմքը ռեկտորի անարդյունավետ կառավարումն է, ապա ինչու՞ է մեկ ամիս առաջ միաձայն հաստատվել ռեկտորի տարեկան հաշվետվությունը: Եթե հիմքը ենթադրյալ իրավախախտումներն ու չարաշահումներն են, ապա որտե՞ղ է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը: Ակնհայտ է, որ ՊՎԾ պաշտոնյաների կամ Ոստիկանության հայտարարությունները իրավական հիմք չեն կարող հանդիսանալ: 2. Ի՞նչ իրավական հիմքով է ԿԳ նախարարը հորդորում ԵՊՀ ռեկտորին հրաժարական տալ: Արդյո՞ք այդ հորդորը բուհի ինքնավարության նկատմամբ ոտնձգություն չէ, և օրակարգային նման հարցի առաջադրումն էլ պայմանավորված չէ ռեկտորի կողմից նախարարի հորդորներին տեղի չտալով: Նման օրակարգային հարց քննարկելով` հոգաբարձուների խորհուրդը փաստացի դառնում է միջանձնյա հարաբերությունների կարգավորման գործիք և լեգիտիմացնում ԵՊՀ-ի նկատմամբ քաղաքական ճնշումները: Այս ամենը ոչ միայն չի բխում ԵՊՀ ինքնավարության և ինստիտուցիոնալ կայունության շահերից, այլ էապես արժեզրկելու է հոգաբարձուների խորհուրդը` որպես ինստիտուտ, և նպաստելու է ԵՊՀ-ի քաղաքականացմանը: Մենք համոզված ենք, որ ԵՊՀ-ում կա բարեփոխումների մեծ անհրաժեշտություն, և այդ բարեփոխումները վստահաբար ենթադրում են նաև անձերի փոփոխություն, սակայն ստեղծված իրավիճակը առաջ է քաշել ավելի կարևոր արժեքների պահպանության անհրաժեշտություն, որոնք են իրավականությունը, ինքնավարությունը և բարոյականությունը: Հաշվի առնելով վերոնշյալը` խնդրում և կոչ ենք անում հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներին ցուցաբերել սկզբունքային մոտեցում` միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ անկախ զանգերից, տարատեսակ միջնորդությունների փորձերից և խորհրդի մյուս անդամների քվեարկությունից` մենք առաջնորդվելու ենք բուհական ինքնավարությունը, իրավականությունը և բարոյականութունը հարգելու սկզբունքներով: [b]ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամներ Սոսէ Ղազարյան, Աննա Գարեգինյան, Բաբկեն Հովհաննիսյան, Գևորգ Մանուկյան, Աստղիկ Մնացականյան, Ամալյա Սողոմոնյան, Ռոզա Խաչատրյան, Դավիթ Ափոյան[/b]

Նմանատիպ նյութեր