211652_close_icon
views-count1636 դիտում article-date 20:44 06-03-2019

Սպառողը պետք է գիտակցի ոչ միայն իր իրավունքները, այլև պարտականությունները` ինքն իր, հասարակության ու պետության առջև. Սննդամթերքի անվտանգության ծառայություն

Սպառողների իրավունքների պաշտպանության հարցում առանցքային է հասարակական կազմակերպությունների դերը: Նրանց դիրքորոշումն ու գործունեությունն այդ ոլորտում, հատկապես սննդամթերքի անվտանգության կտրվածքով, այսօր քննարկվել են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կազմակերպված խորհրդաժողովում, որին մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի դաշնության առևտրային ներկայացչության առաջատար մասնագետ-փորձագետ Վ. Ֆոմինան, ՀԿ-ների, տնտեսվարողների ներկայացուցիչներ, ՍԱՏՄ մասնագետներ: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, կարևորելով հասարակական կազմակերպությունների դերը, ասել է,- «Սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ դեռ համատեղ շատ անելիքներ ունենք սննդամթերքի անվտանգության ոլորտում բավարար արդյունքների հասնելու համար: Մենք նաև հասարակության հետ աշխատելու խնդիր ունենք: Հասարակական սեկտորի և մեր համատեղ աշխատանքը շատ կարևոր է և դրա արդյունքներից սպառողները միայն շահելու են»: Հետաքրքիր առաջարկ է ներկայացրել «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Աշոտ Միրզոյանը, որն աշխույժ քննարկումների առիթ է տվել: Ըստ այդ առաջարկի, սպառողի իրավունքների տեսակետից, դրական ազդեցություն կունենա իրացման կետերում «Սպառողի անկյուն» ստենդների տեղադրումը: Իհարկե, դա առայժմ տնտեսվարողի որոշման տիրույթում է, սակայն կարող է լուրջ խթան լինել սննդամթերքի անվտանգության, սպառողի իրազեկվածության և պաշտպանվածության առումով: «Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը ևս կարևորել է հասարակական և պետական կառույցների համագործակցությունը՝ նշելով, որ տեսչական վերահսկողությունն ամենուր ու միաժամանակ լինել չի կարող: Այդ հարցում քաղաքացու, սպառողի, զանգվածային լրատվամիջոցների ու, բնականաբար, հասարակական կազմակերպությունների վրա մեծ պատասխանատվություն կա: Սպառողը պետք է կրթվի, գիտակցի ոչ միայն իր իրավունքները, այլև պարտականությունները` ինքն իր, հասարակության ու պետության առջև: ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ՀԿ ներկայացուցիչներին առաջարկել է համատեղել ջանքերը հատկապես իրավական դաշտի կարգավորումների առումով, հորդորել մասնակցել դրանց քննարկումներին և ներկայացնել առաջարկություններ: [b] Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր