211652_close_icon
views-count2163 դիտում article-date 23:04 08-03-2019

Երևանում քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև

Մարտի 8-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, հոլանդականը՝ Նիդերլանդների ԱԳ քաղաքական հարցերով գլխավոր փոխտնօրեն Պետր Յան Կլայվեգ դե Զվանը (Pieter Jan Kleiweg de Zwaan): Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-հոլանդական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանը երկուստեք բարձր գնահատվեց վերջին շրջանում ակտիվացած հայ-հոլանդական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Այս համատեքստում նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդգծեց, որ հայկական կողմն այս խորհրդակցությունները դիտարկում է որպես բարձր մակարդակով հանդիպումների ընացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քայլերի համադրման հանդիպում։ Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցության ներկա փուլին և զարգացման հեռանկարներին՝ հայկական կողմը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից կազմված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և կարևորեց Նիդերլանդների կողմից համաձայնագրի շուտափույթ վավերացումը: Խորհրդակցությունների արդյունքում անդրադարձ արվեց ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին, ինչպես նաև՝ այդ գործընթացում ԵՄ անդամ երկրների աջակցությանը: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներին: Հայ-հոլանդական քաղաքական խորհրդակցություններին քննարկվեցին նաև միջազգային կառույցներում երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության հնարավորությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր