2065 դիտում
10:46 12-03-2019
Պետք է «վերցնել կացինը» և մեկ հարվածով այդ «ծուխը կտրել»․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Իր վերջին հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համեմատություն է անցկացրել ներկա իշխանության և ՀՀՇ-ի միջև: Նա խոսել է իրեն հատուկ չարությամբ, որովհետև 1990-ականների սկզբին ՀՀՇ-ականները Քոչարյանին մի տեսակ վերևից էին նայում, և չնայած 1998-ից հետո երկրորդ նախագահն ամեն ինչ արեց իր նախկին զինակիցներից վրեժխնդիր լինելու համար, նրանց ճանապարհները 2008-ին կրկին խաչվեցին և այս անգամ ևս իրար հասցեի չափազանց տհաճ բաներ ասվեցին: Նույնիսկ հիմա ՀՀՇ-ի ժառանգորդ ՀԱԿ-ը և ընդհանրապես առաջին նախագահի կողմնակիցները խնդիրներ ունեն Քոչարյանի հետ: Ճիշտ է, խնդիրներ ունեն ոչ միայն նրանք:
Բայց եթե իսկապես փորձենք համեմատել 1988-ի և 2018-ի հեղափոխությունների արդյունքում իշխանության եկած ուժերին, ապա կարելի է նկատել հետևյալը: Այսօր ավելի շատ է ուշադրություն դարձվում արտաքին ատրիբուտներին, հռետորաբանությանը և հասարակական կարծիքին, քան այն ժամանակ: Օրինակ, ՀՀՇ-ականների մտքով անգամ չէր անցնի իրենց իշխանության գալու օրը համաժողովրդական տոն հռչակել: «Նախորդ ռեժիմի մնացուկներին» բարոյապես ոչնչացնելու վրա էլ այնքան էներգիա չէր ծախսվում, որքան հիմա է նկատվում «նախկինների» հանդեպ մտասևեռումը: (Առաջին նախագահի և ՀՀՇ-ի «բզիկը» Դաշնակցությունն էր, բայց դա այլ պատմություն է):
Փոխարենը 1990-ական թվականների սկզբին իշխանությունն ավելի մեծ ուշադրություն էր դարձնում ոչ թե հեղափոխական խոսքերին, այլ հեղափոխական գործերին: Բագրատյանի անցկացրած բարեփոխումների հասցեին առ այսօր անեծքներ են հնչում՝ «քանդեց», «թալանեց», «հաստոցները որպես լոմ ծախեց», «էլեկտրաէներգիան լափեց» և այլն: Նույնիսկ այսօրվա իշխանության երիտասարդ ներկայացուցիչներից ոմանք հավատում են ծնողներից լսած այս առասպելներին: Բայց բարեփոխումների գործն, այնուամենայնիվ, արվեց (իր թերություններով, բնականաբար):
Այսօրվա իշխանությունը, կրկնեմ, չափից դուրս շատ է սևեռված հասարակական կարծիքի վրա: Այդպես գործն առաջ չի գնա: Եթե որոշում կա արգելել ծխախոտը փակ տարածքներում, ապա պետք է «վերցնել կացինը» և մեկ հարվածով այդ «ծուխը կտրել», և առողջապահության նախարարն այստեղ իրավացի է: Եթե նպատակ կա փոխել հարկային օրենսդրությունը, ապա պետք է լսել «տնտեսական բլոկի» պատգամավորներին, ոչ թե պահպանողական նախարարներին: Եթե անհրաժեշտ է պետական գերատեսչությունները բեռնաթափել «շարիկ գլորողներից», ապա պետք չէ լսել սոցիալական պոպուլիստների լացուկոծը: Թե չէ կամուկացի մեջ մնալով, կարելի է այնքան ձգել, որ ժողովրդական աջակցությամբ բացված պատուհանը կփակվի:
Մի խոսքով, տնտեսական և այլ ոլորտների հեղափոխությունը վճռականություն է պահանջում»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1072 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»