1747 դիտում
22:16 13-03-2019
Երևանում տեղի է ունեցել հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանում մարտի 13-ին տեղի ունեցավ Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը։
Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և ԲՀ տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ռոսեն Ժելյազկովը:
Նիստին երկուստեք մասնակցում էին տարբեր գերատեսչությունների պատասխանատուներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ։
ՀՀ կառավարության անունից ողջունելով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի մասնակիցներին՝ ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել է տարբեր ոլորտներում երկու երկրների միջև առկա ձեռքբերումներին։ Նա ընդգծել է, որ Բուլղարիան հուսալի և կանխատեսելի գործընկեր է, որի հետ տնտեսական կապերը ավանդաբար մեծ նշանակություն են ունեցել Հայաստանի համար, և համատեղ ջանքերն ու առկա ներուժն ամբողջությամբ կիրառելու շնորհիվ Հայաստանը և Բուլղարիան կարող են խորացնել երկկողմ համագործակցությունը տնտեսության բոլոր ոլորտներում։
Նախարար Հակոբ Արշակյանը անդրադարձել է նաև տրանսպորտի ոլորտի ծրագրերին։ Անդրադառնալով «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կարևորությանն ու տարածաշրջանային նշանակությանը՝ նախարարն ընդգծել է, որ այն ուղիղ կապ ապահովելով՝ լայն հնարավորություն կընձեռի երկու երկրների միջև խորացնելու համագործակցությունը բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների բնագավառում:
Նախարարն անդրադարձել է նաև համաշխարհային տնտեսությունում նորարարական տեխնոլոգիաների ներդրման ու թվայնացման գործընթացներին, նշելով, որ բիզնես գործընթացների վերակառուցումն ու ավտոմատացումը, ինչպես նաև տվյալների լայն կիրառությունը փոխակերպում են կառավարությունները՝ դրանք դարձնելով հանրային ոլորտի խելացի էկոհամակարգեր։
«ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում բոլոր ոլորտներում նորարարության և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ, մասնավորապես՝ պետական կառավարման, արդյունաբերության, տրանսպորտի, քաղաքաշինության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում:
Ջանք չենք խնայում խթանելու հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի մրցունակ բրենդի ձևավորման, միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող հայկական արտադրանքը պատշաճ ներկայացնելու համար, ինչպես նաև՝ նպաստելու միջազգային տեխնոլոգիական ընկերությունների մուտքը Հայաստան»,- նշել է Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով նաև հայկական կողմի պատրաստակամությունը Բուլղարիայի հետ համագործակցելու թվային տնտեսությունների ներդաշնակեցման ու ինտեգրման ուղղությամբ:
Ամփոփելով ելույթը՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները դրական ազդեցություն կունենան երկու բարեկամական պետությունների միջև տնտեսական և մշակութային համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու գործում:
Իր ելույթում ԲՀ տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ռոսեն Ժելյազկովն անդրադարձել է տրանսպորտային փոխադրումների, առևտրի, զբոսաշրջության, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության շրջանակներին, նախանշել առաջիկայում դրանք ընդլայնելու հնարավորությունները։
Նա ընդգծել է բուլղարական կողմի պատրաստակամությունը բեռնափոխադրումների ընթացքում երկկողմ թույլտվություններն ավելացնելու հարցում և նշել, որ սա ևս վկայում է տրանսպորտի բնագավառում գործակցության ակտիվացնելու մասին։ Ռոսեն Ժելյազկովն անդրադարձել է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններին, ռազմարդյունաբերության բնագավառում տեխնոլոգիական լուծումների կիրառելիության անհրաժեշտությանը։
«Հայաստանի ու Բուլղարիայի միջև վերջին շրջանում առկա է երկկողմ հարաբերությունները խորացնելու միտում։ Չնայած դրան՝ ապրանքաշրջանառության մակարդակը ցածր է։ Ահա թե ինչու այս նիստի գլխավոր նպատակներից մեկը ապրանքաշրջանառության ծավալներն ու ներդրումային հնարավորություններն ընդլայնելու վերաբերյալ քննարկումներն են։
Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2021 թ. սկզբին և մենք ակնկալում ենք համագործակցության շրջանակների ընդլայնում բոլոր ոլորտներում։ Դրա երաշխիքն այսօր այստեղ՝ բուլղարական 30-ից ավելի ընկերությունների ներկայացվածությունն է, որոնք նույնպես նման ցանկություն հայտնեցին։ Հայաստանը Բուլղարիայի համար ապրանքաշրջանառության կարևոր միջանցք է դեպի Մերձավոր և Հեռավոր Արևելքի երկրներ, Հայաստանը նաև առանցքային նշանակություն ունի հաղորդակցությունների և արագընթաց ցանցերի տեսանկյունից։ Մեր հետաքրքրության կենտրոնում են նաև տրանսպորտային հաղորդակցություններն ու ենթակառուցվածքները, ուստի ակնկալում ենք փոխվստահության և փոխշահավետության վրա հիմնված արդյունավետ համագործակցություն»,- ասել է Ռոսեն Ժելյազկովը։
Նիստի մասնակիցներին ողջունել են Բուլղարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Հայաստանում Բուլղարիայի արտակարգ լիազոր դեսպան Ցոցորկովա-Կայմակչիեվա Մարիա Պավլովան։
Ամփոփելով նիստի աշխատանքը՝ Հակոբ Արշակյանը անդրադարձել է վերջերս Իրանում ստորագրված հուշագրին, համաձայն որի՝ ստեղծվելու է Հայաստանի տարածքով Պարսից Ծոցի և Ասիայի երկրները Եվրոպային միացնելու ինտերնետ հասանելիության տարանցիկ կապուղի։
«Այստեղ կա տվյալների կենտրոնների ենթակառուցվածքները զարգացնելու համագործակցության մեծ ներուժ»,- ասել է նախարարը։ Նա նշել է նաև, որ նոր ստեղծվող նախարարության շրջանակներում բուլղարական կողմի հետ ակտիվ համագործակցություն կծավալվի նաև ռազմարդյունաբերության ոլորտում՝ համատեղ գիտահետազոտական նախագծերով նպաստելով երկու երկրների անվտանգության բարձրացմանը։
Հակոբ Արշակյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է նաև, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում մի շարք նշանակալի միջոցառումներ են նախատեսված՝ 2019 թ. հոկտեմբերի 6-9-ը Երևանում կանցկացվի ՏՏ համաշխարհային համաժողովը, հունիսի 24-28-՝ը «Ինժեներական շաբաթը», ինչպես նաև «Դիջիթեք էքսպո» տեխնոլոգիական ցուցահանդեսը: Նախարարը ներկաներին հրավիրել է մասնակցել այդ կարևոր միջոցառումներին:
Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակներում ստորագրվել են մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։
Հակոբ Արշակյանը և Ռոսեն Ժելյազկովը նիստի արդյունքների վերաբերյալ ստորագրել են արձանագրություն։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
993 դիտում
18:10 21-12-2015
Քուվեյթում տեղի է ունեցել հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը
2474 դիտում
15:33 17-03-2017
Հանոյում տեղի է ունեցել հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»