ԵՊԲՀ ռեկտորն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այցելեցին ԵՊԲՀ-ում գործող Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն, եղան «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոնում ու Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Ապագա բժիշկները հնարավորություն ունեցան մուլյաժների վրա ցուցադրել պրակտիկ հմտություններն ու գիտելիքները:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ սիմուլյացիոն կենտրոնների շնորհիվ ուսանողները հնարավորություն են ստանում սովորել, աշխատել ու ճիշտ կողմնորոշվել բոլոր իրավիճակներում:
«Առաջին հիվանդանոցը հարյուր տարվա պատմություն ունի: Վերջին տարիներին այս շենքում երկու կարևոր ներդրում է արվել: Առաջինը՝ համաշխարհային բանկի կողմից, որի արդյունքում ունենք սիմուլիացոն կենտրոնը և Զինվորների կենտրոնը, որը կյանքի է կոչվել հայ ժողովրդի ջանքերով»,- ընդգծեց ռեկտորն՝ ավելացնելով, որ ԵՊԲՀ-ն ավարտելու և դիպլոմ ստանալու համար յուրաքանչյուրը բարդ քննություն է հանձնում, որի մի մասը կազմում է սիմուլյացիոն կենտրոնը:
Արմեն Մուրադյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնեց երկարամյա աշխատանքի համար: «Եթե չլինեին սիմուլյացիոն կենտրոնները մեր բժիշկները կկարողանային սովորել, բայց կսովորեին հիվանդի տառապանքի գնով: Այնպես որ դուք օգնել եք ոչ միայն մեր բժիշկներին, այլև հիվանդներին»,- ասաց ԵՊԲՀ ռեկտորն՝ ավելացնելով, որ բոլոր աշխատանքների հիմքում պրակտիկան է ընկած, սակայն այս դեպքում, շատ կարևոր է, որ այդ պրակտիկան հնարավոր է ձեռք բերել առանց սթրեսի ենթարկելու:
«Որպես բժիշկ կարող եմ փաստել, որ մեր առողջապահական համակարգում ձեր կատարված ներդրումները շատ կարևոր են: Մեր երկրի բուժօգնության հասանելիությունը մարզերում և որակը համատեղ աշխատանքի արդյունք է, քանի որ մշտապես ուշադրության կենտրոնում եք պահում առողջապահական խնդիրները»,- նշեց Արմեն Մուրադյանը:
Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի խոսքով՝ շատ հաճելի է տեսնել ուսանողներին սիմուլյացիոն կենտրոնում՝ աշխատանքի մեջ: «Գնահատելի է նաև, որպես ռեկտոր շատ նվիրված և հանձնառու մոտեցումը, որը դրսևորում եք ձեր աշխատանքի հանդեպ»,- ասաց փոխնախագահ Սիրիլ Մյուլլերը:
Նշենք, որ արդեն գործող բժիշկների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այս ուսումնական կենտրոնները ստեղծվել են Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակում: