211652_close_icon
views-count29965 դիտում article-date 21:08 09-02-2025

Լարված իրավիճակ՝ Երևանում. բնակիչներն ասում էին. «Տիգրան Ավինյան, ձեզնից է կախված՝ կարժանանաք բնակիչների անեծքին, թե օրհնանքին, խաղահրապարակը մի՛ վերածեք քարե դամբարանի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ փետրվարի 9-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Շենգավիթի վարչական շրջանի Արշակունյաց փող թիվ 30, 32 Լազոյի փողոցի թիվ 4, 6 շենքերի, Կաշեգործների փողոցի սեփական տների մեծ թվով բնակիչներ ի նշան բողոքի հերթական անգամ հավաքվել էին դեռ սովետական տարիներից նշված շենքերի և Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող խաղահրապարակում ու արդարացիորեն իրենց զայրույթն էին հայտնում, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինայնը, երկար ու ձիգ շաբաթներ իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելով, առաջիկայում թույլատրելու է, որպեսզի խաղահրապարակը իրենց բոլոր խնդրանք-հորդորներին՝ բարեկարգելու փոխարեն ավիրեն ու տեղը 18-հարկանի բազմաբնակարան շենք կառուցեն:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընտրությունների ժամանակ կարգախոս էին ընտրել «Ասե՛ք, կանենք»։ Մեռանք ասելով, որ էս թաղը մի սարքեք քարե շինությունների հավաքատեղի։ Ասում ես՝ ասեք, ինչքան ժամանակ ա ասում ենք, բայց ոչ մի օգուտ։ Ո՞վ է տեսել նման քար անտարբերություն քաղաքացու հանդեպ։ Այն քաղաքացու, ում ընտրության արդյունքում դուք բազմեցիք Երևանի քաղաքապետի աթոռին։

Ամբողջ աշխարհն ասում է՝ զարկ տանք առողջ ապրելակերպին, որի մեջ է մտնում նաև խաղահրապարակներ ու մարզական հաստատություններ կառուցելը, իսկ դուք, մեզ հասած տեղեկություններով, առաջիկա 1-2 օրերի ընթացքում ձեր մի գրչի հարվածով էս բազմաբնակարանային շենքերի երեխաների ու ավագ սերնդի ներկայացուցիչների ողնաշարը կոտրելու եք, ու հերթական քարե շինությունը կառուցելուց հետո այդ ընթացքում պետք է քաջ գիտակցեք, որ եթե սկսեն քանդել շենքի հիմքերի համար փոսը, ապա հարևանությամբ գտնվող բազմաթիվ շենքերը, որոնց մի մասը վթարային է, էլ ավելի վտանգավոր են դառնալու։ Իսկ եթե Աստված չանի շենքերում ու սեփական տներում արտակարգ դեպքեր տեղի ունենան, ապա ո՞նց են օպերատիվ ծառայությունները, այդ թվում՝ շտապօգնության և հրշեջ ավտոմեքենաները աշխատելու։

Հետաքրքիր է՝ դուք թույլ կտայի՞ք այն վայրում, որտեղ դուք եք բնակվում, նման շինություն կառուցվեր»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր