2614 դիտում
20:58 15-03-2019
Ստուգվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում անձանց պահման պայմանները. արձանագրված խախտումները կվերացվեն սեղմ ժամկետներում
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից համատեղ ստուգվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, ինչպես նաև պատժի կրման կարգի և պահման պայմանների վիճակը:
Ստուգմամբ արձանագրվել են որոշ խախտումներ: Մասնավորապես պարզվել է, որ գրեթե բոլոր խցերում պահվող անձանց քնելատեղերն առանց համապատասխան թույլտվության վարագուրապատված են եղել, իսկ մեկ խցում արձանագրվել է դռան կերակրադռնակի քողարկում, որոնք ՔԿՀ-ի ծառայողներին հնարավորություն չեն տալիս ամբողջությամբ դիտարկել խցում պահվող անձանց տեղաշարժը:
Մի շարք խցերում հայտնաբերվել է ՔԿՀ ներքին կանոնակարգի համաձայն արգելված առարկաներ հանդիսացող ապակյա և մետաղյա սպասքեղեն:
Առանձին խցերում արձանագրվել են նաև ձերբակալված և կալանավորված անձանց հատկացված բնակելի տարածության նվազագույն չափերը պահպանելու հետ կապված խախտումներ, որոշ պատժախցերում, հացադուլ հայտարարած և կարանտինում գնտվող անձանց պահելու համար նախատեսված խցերում, ՔԿՀ բաղնիքում առկա է եղել վերանորոգման, սանիտարական մշակում իրականացնելու անհրաժեշտություն:
Բացի այդ՝ պարզվել են նաև խախտումներ՝ կապված կալանավորվածներին պահելու վայրի խցում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման համար հերթապահության սահմանման և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման, պատիժը լրիվ կրելով ազատված դատապարտյալներին նախկին բնակության վայրում հաշվառելու ուղղությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու գործառույթի իրականացման, ինչպես նաև ուղղիչ հիմնարկում դատապարտյալների մշակութային, լուսավորչական, կրոնական և մարզական ինքնագործ միավորումներ ստեղծելու և դրանց գործունեության ապահովման ընթացակարգերի և չափորոշիչների պահպանման հետ:
Պահվող անձանց սննդի տրամադրման գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մատակարարվող հացը տեղափոխվում է ՔԿՀ-ի հաշվեկշռում գտնվող՝ սանիտարահիգենիկ անվտանգության տեսանկյունից դրան չհարմարեցված բեռնատար մեքենայով:
Իրականացված ստուգմամբ ի հայտ բերված խնդիրների վերաբերյալ տեղեկացվել է ՔԿՀ վարչակազմին: ՔԿՀ-ի պետի կողմից հավաստիացվել է, որ սեղմ ժամկետներում արձանագրված թերությունները կվերացնեն, և արդյունքների մասին կհայտնվի ՀՀ դատախազությանը: ՔԿՀ-ի վարչակազմին նաև տրվել են հանձնարարություններ կատարված ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված որոշ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տվյալների իրացման վերաբերյալ:
Ստուգման շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը և ՀՀ Լոռու մարզի դատախազն անձամբ շրջայց են կատարել ՔԿՀ-ի բոլոր խցերով, առանձնազրույց են ունեցել դրանցում պահվող բոլոր անձանց հետ: Վերջիններից մի քանիսը բողոքներ են ներկայացրել պատժի կրումից պայամանական վաղաժամկետ ազատման գործընթացի վերաբերյալ, ինչն ուսումնասիրվել է և արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: Մի քանի կալանավորված անձանց ցանկությամբ դատախազների կողմից կատարվել են անհատական ընդունելություններ: Մի շարք կալանավորված անձինք և դատապարտյալներ առաջ են քաշել իրենց քրեական գործերի հետ կապված որոշակի խնդիրներ, որոնց տեղում տրվել են լիարժեք և սպառիչ պարզաբանումներ:
[b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1352 դիտում
13:23 10-04-2019
Ստուգվել են ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում անձանց իրավունքների իրացման, պատժի կրման և պահման պայմանները
3483 դիտում
18:10 07-08-2017
Քրեակատարողական հիմնարկում ստուգվել են հացադուլ հայտարարած անձանց պահման պայմանները
1023 դիտում
20:25 15-03-2019
Արման Թաթոյանը ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանի հետ քննարկել է ՔԿՀ-ներում անձանց պահման պայմանները