211652_close_icon
views-count2427 դիտում article-date 23:40 19-03-2019

Ֆրանկոֆոնիայի փառատոնի շրջանակներում Վաշինգտոնում կազմակերպված համերգները նվիրված են աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին

Մարտի 16-ին Ֆրանսիայի դեսպանության մշակութային կենտրոնում` «Ֆրանսիայի տանը», Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի շրջանակներում տեղի ունեցան ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված երկու համերգները, որոնց ընթացքում ելույթ ունեցավ Paris Chansons երաժշտական համույթը՝ Լոս Անջելեսից: Ֆրանսիայի դեսպանության ու Սմիթսոնիան ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպված համերգները միավորել էին ամերիկահայ ու ֆրանսախոս համայնքների ներկայացուցիչների, դիվանագիտական կորպուսի ու մշակութային հաստատությունների անդամների: Համերգները նվիրված էին աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Իր ելույթում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը խոսեց Ֆրանկոֆոնիայի փառատոնի առաքելության մասին` որպես ֆրանկոֆոն մշակույթն ու ավանդույթները միջմշակութային փոխանակման միջոցով լայն լսարանին հասցնելու միջոց: Նա ներկայացրեց նաև Հայաստանի գործունեությունը` որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ինչպես նաև Շառլ Ազնավուրի կյանքն ու թողած ժառանգությունը` որպես Ֆրանկոֆոնիայի դեսպան, Հայաստանի Ազգային հերոս ու աշխարհի քաղաքացի: Դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում շնորհիվ միջոցառումը կյանքի կոչվեց, մասնավորապես` La Maison Française-ի տնօրեն Մարի-Հելեն Զավալային, Սմիթսոնիան ասոցիացիայի ծրագրերի ղեկավար Բրիջիթ Բլաշարին և Չիկագոյում Հայաստանի պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանին: Paris Chansons-ի տաղանդավոր երաժիշտները հանդիսատեսի առջև հանդես եկան Ազնավուրի, Ադամոյի, Մասիասի, Պիաֆի, Դասենի, Դալիդայի, Զազի հայտնի կատարումների, ինչպես նաև մի շարք համաշխարհային հիթերի իրենց մեկնությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր