60983 դիտում
23:49 20-03-2019
Խոշոր ավտովթար Երևանում. 22–ամյա վարորդը Opel Zafira-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը. 2 վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր. ժամանել է Երևանի ՃՈ պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 22-ամյա Հովհաննես Հարությունյանը իր վարած Opel Zafira մակնիշի 35 XQ 827 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս և ուղևորը մարմական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապահային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են նաև «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչները, քանի որ հարվածի հետևանքով կոտրվել է էլեկտրասյան վրա տեղադրված արտաքին լուսավորության լամպը:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+