97915 դիտում
22:06 21-03-2019
Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ. տանտերը դիմադրություն է ցույց տվել ճիվաղներին, ովքեր իրենց սև գործը կիսատ թողնելով՝ դիմել են փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 21-ին, զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում 2 դիմակավորված ճիվաղ, որոնցից մեկը զինված հրացանով, մեկը՝ ատրճանակով, մտել են Արմավիր քաղաքի 107 թաղամասի 204 տուն և զենքի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարել նշված տանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավազակներին չի հաջողվել իրենց սև գործն ավարտին հասցնել, քանի որ տանտերը՝ 49-ամյա Կարապետ Մարգարյանը, դիմադրություն է ցուցաբերել, ինչի արդյունքում էլ հնչել են կրակոցներ, այնուհետև 2 ստահակները դիմել են փախուստի:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մնացական Խաչատրյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Բաղդասար Կիրակոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Փաստի առթիվ ստեղծվել է օպերատիվ խումբ՝ Արմավիրի ոստիկանապետ Մ. Խաչատրյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էի, որ տանտերը տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են նրա՝ հիվանդանոց տեղափոխվելու հանգամանքները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև որսորդական հրացան, որը ճիվաղներից մեկինն է եղել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+