211652_close_icon
views-count2621 դիտում article-date 19:08 25-03-2019

«Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ». Հայկ Մարությանը պայման է ներկայացրել «Սանիթեքին»

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի բնակիչներին՝ համապետական շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցության համար: Անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը՝ քաղաքապետ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել «Սանիթեք» ընկերության աշխատանքից և ընդգծել, որ քաղաքային իշխանություններն այլևս չեն հանդուրժելու նման որակի աշխատանք: «Կա՛մ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կա՛մ գործընթացը քաղաքը վերցնում է իր վրա: Այդ հարցը պետք է որոշվի, այլևս այսպես հնարավոր չէ: Եվ, եթե դուք պահում եք գործընթացը ձեզ, ուրեմն լինելու է շատ ուժեղ հսկողություն, և տույժեր ու տուգանքներ: Մենք ինչ-որ ժամանակահատված աշխատեցինք, քաղաքային իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի «Սանիթեք» ընկերությունը մի քիչ ուշքի գա: Ընկերությունը կամ վերցնում է պատասխանատվությունը և պատշաճ կազմակերպում է աշխատանքները, կամ տալիս է քաղաքային իշխանություններին, որպեսզի քաղաքը մաքուր լինի: Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ», - ընդգծել է քաղաքապետը: Մայրաքաղաքում շարունակվում է անձրևատարների մաքրումը: «Սանիթեք» և «Վեոլիա Ջուր» ընկերություններին հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել համակարգված, որպեսզի աղբի կուտակումներ փողոցներում չլինեն: «Անձրևների սեզոնը սկսվելու է, և ես չեմ ուզում, որ փողոցները լցված լինեն ջրով: Եթե, իհարկե, այնքան հորդ անձրև չլինի, որ համակարգը ի վիճակի չլինի ջուրը տանել: Դա օբյեկտիվ պատճառ է, բայց սուբյեկտիվ պատճառները պետք է բացառենք»,- նշել է քաղաքապետը: Կարևորելով շինհրապարակների պատշաճ կազմակերպումը՝ քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ստուգայցեր իրականացնել բոլոր շինհրապարակներում և քայլեր ձեռնարկել դրանց կարգի բերելու ու անվտանգության կանոնների պահպանման համար: Հասարակական տրանսպորտի վարորդների՝ կանոնները չպահպանելու, ղեկին ծխելու և հեռախոսով խոսելու այազանգերի առնչությամբ հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունը: «Ես շատ հարգանքով եմ վերաբերվում հասարակական տրանսպորտի բոլոր վարորդներին, բացի այն մարդկանցից, ովքեր իրենց թույլ են տալիս մեքենան վարելու ընթացքում ծխել, խոսել հեռախոսով կամ վատ կերպով վերաբերվել քաղաքացիներին»,- նշել է քաղաքապետը: «Շտապբուժօգնություն» ընկերությանը հանձնարարվել է խստիվ պահպանել կանչերի դեպքում մեքենաների լուսային և ձայնային ազդանշանները միացրած լինելու պահանջը։ Այս կերպ երթևեկության այլ մասնակիցների համար առավել հեշտ է լինում նկատել և զիջել մեքենաներին: «Երբ լսում եք ազդանշանը, խնդրում եմ ուշադիր եղեք և ճանապարհ տվեք: Սա շատ կարևոր է: Մարդիկ շտապում են մեր քաղաքացիներից մեկի կյանքը փրկելու»,- նշել է Հայկ Մարությանը: Խոսելով գնումների մրցութային գործընթացի մասին՝ Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքապետարանը հետևողական է լինելու մրցույթում շահած բոլոր ընկերությունների կատարած աշխատանքի որակի հարցում: «Մենք պահանջելու ենք ամեն կետը, որը պայմանագրում նշված է: Հին պրակտիկան չի լինելու: Ստուգելու ենք որակը, եթե չհամապատասխանեց, ուրեմն դուք դուրս եք մնալու գործընթացից, և, բնականաբար, տույժեր ու տուգանքներ են լինելու: Նախ, մենք անորակ արտադրանք չենք կարող տալ մեր քաղաքացիներին, երկրորդ՝ քաղաքապետարանին այլևս չի ստացվելու խաբել կամ այլ ճանապարհներով գնալ, որ աչք փակվի»,- ընդգծել է քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր