211652_close_icon
views-count1390 դիտում article-date 09:01 27-03-2019

Հայ-վրացական խորքային մանևր Փաշինյան-Ալիև ֆորմատի ստվերում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Փաշինյան-Ալիև հանդիպման մասին տեղեկությունը որոշակիորեն ստվերեց հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումը, որ մարտի 24-ին ոչ ֆորմալ շփման միջավայրում տեղի էր ունեցել Հայաստանում՝ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Նիկոլ Փաշինյանն ու Մամուկա Բախտաձեն ոչ ֆորմալ միջավայրում շփվել էին երկրորդ անգամ: Առաջին անգամ նրանք հանդիպել էին ընթացիկ տարվա հունվարի 15-ին, դարձյալ ոչ ֆորմալ, այս անգամ վրացական Բոլնիսիում, ընդ որում՝ վարչապետի պաշտոնում Փաշինյանի խորհրդարանական ընտրությունից անմիջապես հետո: Սրանով իհարկե դրսևորվել էր Հայաստանի համար վրացական ուղղության կարևորությունը: Հայաստանում պատասխան հանդիպումը հավաստում է հարաբերության կարևորության երկկողմ գիտակցումը: Մանրամասներ, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու Բախտաձեն, չկան, սակայն հատկանշական է այն, որ հանդիպման մասին տեղեկություն Հայաստանի վարչապետը փոխանցել է նաև զինված ուժերի հրամկազմի հետ փակ հանդիպմանը, ինչը վկայում է, որ Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպման թեմաների շարքում եղել են լրջագույն հարցեր: Իր հերթին հատկանշական է, որ Հայաստանից հեռանալուց հետո, Վրաստանի վարչապետը Թբիլիսիում հանդիպել է այնտեղ ժամանած ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին, որը մասնակցում է Վրաստանում տեղի ունեցող ՆԱՏՕ զորավարժությանը: Հնարավոր է իհարկե դիտարկել մի շարք այլ նուրբ շերտեր, կապված Փաշինյան-Բախտաձե հանդիպման հետ, սակայն, թերևս, առիթներ կլինեն առաջիկայում անդրադառնալ հայ-վրացական հարաբերության առանձին ասպեկտների՝ հաշվի առնելով այն, որ աշխարհաքաղաքական միտումները այդ երկկողմ հարաբերությունը փոխադարձաբար դարձնելու են առավել կարևոր, միաժամանակ առավել նշանակալի են դարձնելու ռեգիոնալ և միջազգային հարաբերությունների համատեքստում: Այդ իմաստով հատկանշական է, որ Փաշինյան-Բախտաձե հանդիպումը մնաց Փաշինյան-Ալիև հանդիպման տեղեկության ստվերում, ինչը զուտ առերևույթ, այսպես ասած, տրենդի իմաստով հասկանալի է, սակայն բովանդակային, քաղաքական նշանակության իմաստով, պարունակում է որոշակի «անարդարություն»: Տրենդի իմաստով հասկանալի է, որ ուշադրությունը կլանում է Փաշինյան-Ալիև հանդիպման մասին տեղեկություն, ու հայաստանյան հանրության մոտ կա համոզում, որ այդ հանդիպումը գործնականում առավել կարևոր ու նշանակալի է, քան, օրինակ, հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումը: Իրականում, սակայն, այստեղ գուցե հնչի տարօրինակ, սակայն այդ թվում և Արցախի հարցի առումով հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումները թերևս միտված են առավել կարևոր լինելուն, քան Փաշինյան-Ալիևը, կամ ոչ պակաս կարևոր լինելուն: Իհարկե, պարզունակություն է անցկացնել կարևոր-անկարևորի այդպիսի համեմատություն, սակայն խորքային իմաստով խնդիրը իրավիճակի և իրողությունների ռազմավարական գնահատման մեջ է: Եվ այդ համատեքստում ակնառու է, որ արցախյան հարցը մտել է հենց այդպիսի տրանսֆորմացիայի փուլ՝ թե՛ միջազգային հարաբերությունների, թե՛ հայկական քաղաքականության համատեքստում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր