211652_close_icon
views-count4122 դիտում article-date 11:25 01-04-2019

Առաջիկա 5 օրերին ցիկլոնի ազդեցությունը Հայաստանում պահպանվելու է.Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացնում

Հանրապետության տարածքում վերջին 3 օրերին գործող հզոր ցիկլոնի հետևանքով բոլոր մարզերում դիտվել են առատ տեղումներ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նա նշել է, որ տեղումների քանակը մարտի 31-ի դրությամբ հանրապետությունում հիմնականում կազմում է ամսական նորմայի 110-150 տոկոսը։ Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում կազմում է 256 սմ, Որոտանի լեռնանցքում 102 սմ, Ամբերդում 95 սմ, լեռնային մարզերում հիմնականում 20-50 սմ։ «Սա այն դեպքում, երբ անցած տարի այս օրերին լեռնային բոլոր մարզերում ձյան ծածկը բացակայել է, իսկ բարձր լեռնային հատվածներում ձյան ծածկը եղել է կրկնակի կամ եռակի պակաս։ Առաջիկա 5 օրերի ընթացքում ցիկլոնի ազդեցությունը Հայաստանում պահպանվելու է, սակայն այն տարբերությամբ, որ այն կունենա ակտիվացման և թուլացման փուլեր։ Ցիկլոնը ակտիվ կլինի հատկապես ապրիլի 3-ին, երբ հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում դրանք կլինեն ուժեղ։ Ապրիլի 1-2-ին, 4-6-ին տեղումները կլինեն համեմատաբար ավելի կարճատև բնույթի, այսինքն ցերեկային ժամերին ժամանակ առ ժամանակ կլինի նաև արևի առկայություն»,-նշել է Գագիկ Սուրենյանը։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ին կբարձրանա մոտ 5-7 աստիճանով, ապրիլի 3-ին նույնքանով կնվազի, ապրիլի 4-6-ին աստիճանաբար կբարձրանա մոտ 5-6 աստիճանով։ Գագիկ Սուրենյանը նշել է, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում ցրտահարություն չի սպասվում:

Նմանատիպ նյութեր