211652_close_icon
views-count2721 դիտում article-date 10:25 06-04-2019

Բողոքի նոր ալիք է հասունանում. պակասեցվել են մանկաբուժության ոլորտի ֆինանսական հատկացումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ կառավարությունը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քայլեր է ձեռնարկում ՀՀ-ում ծնելիության բարձրացման ուղղությամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է նվազեցնել մանկաբուժության ոլորտի ֆինանսական հատկացումները: Օրինակ` 2018թ.-ին կրծքի հասակի երեխաների բրոնխիտներ, թոքաբորբերի դեպքում պետությունը տրամադրում էր 184 հազար 100 դրամ, 2019 թվականին` 144 հազար, այսինքն` 21,5 տոկոսով ավելի քիչ: Վերին շնչառական ուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում նախկինում պետությունը փոխհատուցում էր 112 հազար 500 դրամ, իսկ ընթացիկ տարվա համար` 98 հազար, այսինքն` 12,5% քիչ, բրոնխիտների, թոքաբորբերի դեպքում 127 հազար 900-ից նվազել է 112 հազար դրամի` կրկին 12,5 %-ով պակաս: Այս փաստը բավական լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել նաև մանկաբույժների շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մանկաբույժները պատրաստվում են լուրջ քայլերի դիմել, քանի որ նման քաղաքականությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ առանց այն էլ խնդրահարույց ոլորտում: Չէ՞ որ ներկայումս մանկաբուժությունը Հայաստանի առողջապահական համակարգի գերակա խնդիրներից մեկն է, այնինչ հենց այս ոլորտին է հարված հասցվում: Առողջապահության նախարարության նման գործելաոճը մանկաբույժները գնահատում են սխալ` հղի կոռուպցիոն լուրջ հետևանքներով: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ նախկին նախագահ, մանկաբույժ Արա Բաբլոյանի հետ. «Գների իջեցում եղել է, որի շուրջ մենք մեր կարծիքը հայտնել ենք, և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատրաստ է քննարկել այդ հարցերը»: Իսկ, ահա, Առողջապահության նախարարությունը չի մեկնաբանում որոշման պատճառները` գերադասելով լռել. նախարարության մամուլի խոսնակ Ա. Նիկողոսյանը խնդրել է հարցերը գրավոր ուղարկել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր