211652_close_icon
views-count2161 դիտում article-date 10:49 09-04-2019

Հայաստանն Ադրբեջանին ստիպել է բացվել. Բաքուն հայտնվում է բավականին անհարմար դրության մեջ․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանն արձագանքելով Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, որ Բաքուն իր բանակը պետք է պատրաստի խաղաղության, հայտարարել է, թե ադրբեջանական բանակը ոչ թե խաղաղության է պատրաստ, այլ պատերազմի: Այս արձագանքի համատեքստում նախ ուշադրության է արժանի, թերևս, հայկական դիվանագիտա-քարոզչական մարտավարության մի նուրբ ասպեկտ, երբ Երևանը սկսել է խոսել խաղաղության և խաղաղություն պարտադրելու «կոմբինացիոն» համատեքստում, այսինքն` մի կողմից զգալիորեն ավելացրել է խաղաղության հռետորաբանությունը և տեղավորում է այն ընդհանուր շահի համատեքստում, մյուս կողմից՝ դա զուգորդում է պաշտպանական ռազմավարությունը հարձակողականի փոխելու աշխույժ հռետորաբանությամբ: Դրա արդյունքում Բաքուն հայտնվում է բավականին անհարմար դրության մեջ: Իհարկե, միամտություն է ասել, թե դա, այսպես ասած, ճակատագրական դրություն է Բաքվի համար, սակայն մյուս կողմից՝ Բաքուն փաստորեն ստիպված է լինելու կամ խոսել հայկական տրամաբանությամբ, կամ պատերազմի մասին ստիպված խոսել խաղաղության ավելի ընդգծված մերժումով: Իսկ եթե հաշվի առնենք և այն, որ հայկական կողմն իր խաղաղության ասպեկտների վրա կառուցած հռետորաբանությունը նրբորեն ուղղում է ավելի շատ ադրբեջանական հանրությանը, իշխանությանը թողնելով պաշտպանականից հարձակողական ռազմավարության անցնելու և խաղաղություն պարտադրելու մեսիջները, ապա փաստացի ստացվում է, որ Բաքուն սկսում է հակառակ հայկական կողմի խաղաղության առաջարկի պատերազմ առաջարկել թե՛ միջազգային, թե՛ իր հանրությանը: Այստեղ հարաբերակցությունը ամենևին նոր չէ, այսինքն` հայկական կողմը միշտ էլ եղել է խաղաղության առաջարկողը և պահպանողը, իսկ Ադրբեջանը՝ պատերազմի: Նորը տվյալ դեպքում շեշտադրումների հղկումներն ու նրբացումներն են, որոնք Բաքվին ստիպում են այլևս ավելի ընդգծված քարոզել պատերազմ և փաստացի հայտնվել պատերազմի արդեն ինքնանպատակ քարոզի դիրքերում, կամ ստիպել է բացվել այդ դիրքերում: Ավելի լայն առումով, այստեղ, անշուշտ, ուշադրության է արժանի նաև մեկ այլ հանգամանք: Պատերազմի կամ խաղաղության պատրաստ են լինում ոչ թե բանակները, կամ խաղաղություն պարտադրելու, այլ պետությունները, այսինքն` համակարգերը: Բանակները դրանց մասն են: Այն, որ մեր բանակը պատրաստ է սխրանքի, ընդ որում ոչ միայն ոգեղենության, այլ նաև զուտ մարտական կարողությունների ու ունակությունների շնորհիվ, աներկբա է, դա ապացուցել է բանակի թե՛ առաջին սերունդը, թե՛ նոր սերունդը 2016-ին: Այդ իմաստով պաշտպանության նախարարի հայտարարությունները, նաև դրանց քաղաքական հավանությունը տվող վարչապետի հայտարարությունները հիմնավոր են, նաև կարևոր ընդհանուր պետական քաղաքականության տեսանկյունից: Սակայն այդ ամենը, իհարկե, ոչ թե հակադրվում է, այլ պետք է փոխլրացվի ընդհանուր պետական կարողությունների հետևողական ընդլայնումով և բարձրացումով, քանի որ պատրաստ է խաղաղություն պարտադրելուն կամ ամբողջ օրգանիզմը, կամ խիստ սահմանափակ է լինելու մեկ օրգանի կարողությունների էֆեկտը, որովհետև այն չի կարող շատ երկար ժամանակ իր վրա կրել մյուս չաշխատող օրգանների ծանրաբեռնվածությունը: Իսկ այդ առումով աներկբա է, որ չնայած թավշյա հեղափոխությամբ իրավիճակի էական, հիմնարար փոփոխությանը, այդ թվում՝ պետական քաղաքականության ամբողջ սպեկտրի առավել հավասարակշռման տեսանկյունից, այդուհանդերձ, օրգանների աշխատանքի «բաշխվածությունը»՝ էֆեկտիվության տեսանկյունից, դեռևս մնում է անհամաչափության ռեժիմում, որն ունի հնարավորինս արագ ինստիտուցիոնալ կերպով հավասարակշռվելու անհրաժեշտություն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր