211652_close_icon
views-count4840 դիտում article-date 16:45 11-04-2019

Ճանապարհային երթևեկության կանոնները, նշանները և ճանապարհային գծանշումները կհամապատասխանեցվեն արդի պահանջներին

Կառավարությունն այսօրվա նիստում ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ կթույլատրվի հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառը, այսինքն՝ կարգելվի միայն մինչև հետիոտնային անցում՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքում կանգառ կատարելը, շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելությունը կտրվի խաչմերուկում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին: Մինչև 7 և 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված, կսահմանվեն առանձին պահանջներ: Ճանապարհային աշխատանքների կատարման վայրում, ինչպես նաև այլ դեպքերում օգտագործվող ժամանակավոր ճանապարհային նշանների համար կսահմանվեն առանձին պահանջներ, մասնավորապես՝ դրանց վրա սպիտակ հիմնագույնի փոխարեն կկիրառվի դեղին հիմնագույնը: Որոշմամբ նաև խաչմերուկի տարածքը ցույց տալու համար կսահմանվի առանձին գծանշում, կհանվի հաշվառման համարանիշերի թվերը և տառերը թափքի հետնապատին կրկնելու պահանջը և փոխարենը կսահմանվի, որ հաշվառման համարանիշերը կամ դրանց տեղակայման (ամրացման) ձևը չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին: Բացի այդ, կսահմանվեն հեծանվորդների, ինչպես նաև հիբրիդային ավտոմոբիլների երթևեկության կարգավորման նոր կանոններ և ճանապարհային նշաններ:

Նմանատիպ նյութեր