2836 դիտում
15:03 17-04-2019
ՀՀ գլխավոր դատախազի ելույթը «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային փորձի ներքո» միջազգային համաժողովի բացմանը
Ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ելույթը «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային փորձի ներքո» խորագրով փորձագիտական միջազգային համաժողովի բացմանը.
«Հարգարժան դեսպան, հարգելի փորձագետներ, սիրելի հյուրեր, տիկնայք և պարոնայք.
Թույլ տվեք միջազգային ընդգրկման սույն համաժողովը կազմակերպելու և իրականացնելու համար շնորհակալություն հայտնել նախաձեռնող և իրականացնող մեր բոլոր գործընկերներին:
Դժվար է գերագնահատել համաժողովի նշանակությունը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ պետական համակարգ-քաղաքացիական հասարակություն ձևաչափով, միջազգային փորձագետների ներգրավմամբ, քննարկման առարկա է դարձվում Հայաստանի Հանրապետության, իբրև սոցիալական, իրավական և ժողովրդավարական երկրի զարգացման համար անկյունաքարային նշանակություն ունեցող հակակոռուպցիոն մշակվող ռազմավարության առաջնահերթությունները, այդ չարիքի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու խնդիրը: Իրավապահ համակարգը և մասնավորապես ՀՀ դատախազությունն այստեղ ունի առաջնային դերակատարում և առաքելություն:
Կարծում եմ՝ ներկա գտնվողների համար տեսանելի են եղել նախորդ տարվա ընթացքում մեր երկրում կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները, որոնք հրապարակել ենք և որոնք առանց չափազանցության աննախադեպ են Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության կտրվածքով: Չչարաշահելով ձեր ժամանակը՝ այնուամենայնիվ, ուզում եմ ընդամենը մի քանի փաստ վկայակոչել, որոնք խոսում են այս ոլորտում նախորդ տարվա ընթացքում իրավապահ համակարգի կատարած հսկայածավալ աշխատանքի մասին: Նախորդ տարի ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերի քանակը 2017թ. ցուցանիշը գերազանցել է գրեթե 4 անգամ, հարուցված քրեական գործերինը՝ 3.6 անգամ: Կոռուպցիոն հանցագործություններ առերևույթ կատարելու համար 2017թ. համեմատ քրեական հետապնդման է ենթարկվել ավելի քան 60 տոկոսով ավելի անձ: Գրեթե նույնքան ավելի է եղել քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց թիվը:
2018թ. փողերի լվացման հատկանիշով 7 քրեական գործ է հարուցվել: Դա այն դեպքում, երբ 2017թ. այդ հանցակազմով քրեական գործեր չեն հարուցվել: Իսկ օրենսդրորեն ապօրինի հարստացման քրեականացումից հետո, անցած տարվա ընթացքում, այդ հանցագործության հատկանիշներով քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ:
2018թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի՝ միայն նախապատրաստված նյութերով և քննված քրեական գործերով բացահայտված պետությանը պատճառված գույքային վնասը 2017թ. արդյունքը գերազանցում է 12 անգամ, իսկ պատճառված ընդհանուր վնասից վերականգնման ցուցանիշը՝ 15 անգամ:
Կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկված բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակը, կարծում եմ, ինքնին խոսուն է և երաշխիքն է օրենքի առջև առանց բացառության բոլորի հավասսարությունն ապահովող գործելաոճի:
Այս արդյունքներն անձամբ ինձ համար, իբրև գլխավոր դատախազի, արժևորվում են ոչ այնքան ինքնին թվային ցուցանիշների, կամ կոռուպցիոն հանցագործությունների առանձին դեպքերի բացահայտման տեսանկյունից, որքան իրականացված աշխատանքի որակական հատկանիշներով. մի քանի ոլորտներում, առանձին դեպքերում հանրապետության ողջ տարածքի ընդգրկմամբ, տարիներ շարունակ արմատացած կոռուպցիոն սխեմաների մեծածավալ բացահայտմամբ:
Ունեցած արդյունքներն առանձնակի արժեքավոր են նաև այն պատճառով, որ դրանք ապահովվել են հանրային աննախադեպ աջակցության, մեր քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին ցուցաբերված լրջագույն օժանդակության, գործադիր իշխանության մարմինների նախաձեռնողականության ու պատրաստակամության շնորհիվ: Բավական է միայն նշել, որ 2018թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերի համար առիթ հանդիսացած՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդումները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները գրեթե 3.6 անգամ ավելի շատ են եղել, քան 2017 թվականին:
Այսինքն կարող ենք արձանագրել, որ մեր հասարակությունը կոռուպցիայի նկատմամբ դարձել է ավելի անհանդուրժող: Մեր աչքերի առջև ջարդվում են անխորտակելի թվացող կարծրատիպեր:
Կոռուպցիոն ենթադրյալ հանցագործությունների մասին իրավապահ մարմիններին անկաշկանդ հաղորդում ներկայացնելու այս միտումները ոչ միայն հանցագործությունների բացահայտման կարևորագույն առիթ են, այլև ունեն չափազանց կարևոր կանխարգելիչ նշանակություն: Որովհետև կոռուպցիոն սխեմաներում ներգրավվելու գայթակղություն ունեցող ցանկացած պաշտոնատար անձ այլևս չի կարող վստահ լինել, որ դրա մասին իրավապահ մարմինները չեն տեղեկանալու և որ ամենակարևորն է՝ այդ անձինք այլևս չեն կարող իրենց արարքների համար չպատժվելու վստահություն կամ երաշխիքներ ունենալ՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոնների մակարդակից, ունեցած կապերից ու հնարավորություններից:
Ոգևորիչ են նաև պետական կառավարման համակարգից եկող՝ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության հստակ ազդակները և իրավապահ համակարգի բոլոր օղակների՝ իրենց իրավասության շրջանակներում համագործակցության մակարդակը: Դրանք թույլ են տալիս հանրային կարծիք ու համոզմունք ձևավորելու, որ պետությունը, իրավապահ բոլոր մարմիններն այս պայքարում անկեղծ են ու ազնիվ և տրամադրված են վճռական:
Սրանք, իհարկե, կարևոր արդյունքներ են, սակայն չեն կարող բավարար համարվել: Նախ՝ ակտիվացված քրեաիրավական պայքարը մեզ բերել է մի հանգրվանի, որտեղ հիմնական մարտահրավերը դարձել է պաշտոնատար անձանց նախկինում ձեռք բերած գույքի, իրական եկամուտների աղբյուրների և ակտիվների շրջանառությունը քրեաիրավական գնահատականի արժանացնելը: Գործող օրենսդրության շրջանակներում քրեական հետապնդման մարմինները դրանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և գործընթացներ հարուցելու առումով ունեն իրավական արգելքներ: Այսինքն առկա է բախում մարդու սեփականության անձեռնմխելիության հիմնարար սկզբունքի և սոցիալական արդարությունը վերականգնելու հասարակական պահանջի միջև: Առանց հանրային և մասնավոր շահերի հակադրման այս թնջուկը բալանսավորված հաղթահարելու, հնարավոր չի լինելու բավարարել կոռուպցիայի միջոցով կորսված ազգային, պետական ռեսուրսները, հասցված վնասը վերականգնելու, այդ ամենն իրականացրած անձանց մեղավորությունն ապացուցելու և քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու հարցում հասարակության ակնկալած տեմպն ու արդյունքներն արդարացնելու խնդիրը:
Այս իմաստով չափազանց կարևոր է այդ մարտահրավերները լուծել միջազգային փորձի հանգամանալից ուսումնասիրությամբ, քաղաքացիների իրավունքների պաշտպանության մաքսիմալ երաշխիների ապահովմամբ Հայաստանի համար կիրառելի ամենաօպտիմալ իրավական մեխանիզմների մշակմամբ և ներդրմամբ:
Բացի այդ, քրեաիրավականը կոռուպցիայի դեմ պայքարի որքան էլ առանցքային, սակայն ընդամենը մեկ բաղադրիչն է: Ոչ պակաս կարևոր է այդ պայքարի կանխարգելիչ բաղադիչի զարգացումը: Վերջինս ենթադրում է պետական միջոցների շարժի, եկամուտների ու ծախսերի հնարավորինս թափանցիկության ապահովում, պաշտոնատար անձանց բարեվարքության խրախուսում, հակակոռուպցիոն կրթության, իրազեկման կայուն գործող կառուցակարգերի կիրառում, պետական կառավարման բոլոր, հատկապես կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտներում ծառայողների սոցիալական ապահովության արժանապատիվ երաշխքների ստեղծում և այլն: Խնդիրներ, որոնք պահանջում են համակարգային լուծումներ, ռազմավարական մոտեցումներ և, որպես կանոն, ցավոտ, բայց անխուսափելի բարեփոխումներ իրականացնելու խիզախում:
Ահա այս ամենի համատեքստում կարևոր է այս համաժողովի կազմակերպման համար ընտրված պահը և օրակարգը: Ողջունելի է, որ վերջինս, ըստ էության, ներառում է մատնանշված արդիական բոլոր հարցադրումները:
Վստահ եմ, որ համաժողովի ընթացքում կհաջողվի ոչ միայն համակողմանի քննարկել այդ խնդիրները, այլ նաև միջազգային լավագույն փորձի համադրված գնահատմամբ գեներացնել գործնական առաջարկություններ հակակոռուպցիոն ռազմավարության ամբողջացման համար: Դա անկասկած կլինի պետություն-քաղաքացիական հասարակություն երկխոսության, համագործակցության չափազանց լուրջ և կարևոր արդյունք:
ՀՀ դատախազությունը պատրաստ է նման համագործակցության, ինչի վկայությունն է մի կողմից հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ լուծումներին միտված աշխատանքային խմբերում մեր ներգրավվածությունը, մյուս կողմից «Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի» հետ համատեղ ստորագրված հուշագրի հենքի վրա մեր արդյունավետ գործակցությունը:
Ուստի թույլ տվեք հաջողություններ ցանկանալ համաժողովի աշխատանքներին, իսկ մեզ բոլորիս մաղթել գործնական, արդյունքին միտված կառուցողական աշխատանքային տրամադրվածություն:
Շնորհակալություն ուշադրության համար:
Նմանատիպ նյութեր
1977 դիտում
14:06 03-10-2019
Հաստատվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը. կլինի միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե
1939 դիտում
20:15 16-04-2019
Գլխավոր դատախազն ընդունել է Հակակոռուպցիոն միջազգային համաժողովի կազմակերպիչներին և միջազգային փորձագետներին
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը