211652_close_icon
views-count1988 դիտում article-date 10:52 18-04-2019

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին: «[url=https://armenpress.am/arm/news/971746.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 71 կողմ և 40 դեմ ձայներով: «Օպտիմալացման շնորհիվ մենք ուզում ենք ավելի քիչ ռեսուրսներով հասնել ավելի շատ արդյունքի, ավելի քիչ ռեսուրսներով հասնել ավելի մեծ արդյունքի»,- նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նախարարն անդրադարձավ նաև Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը նախարարություններ դարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումներին: «Մենք՝ իրավապաշտպաններս ու իրավաբաններս, գիտենք, որ կարծիքի ազատության իրավունքը ներառում է նաև կարծիքը ազատորեն փոխելու իրավունքը: Հանգամանքների փոփոխության պատճառով կարող է ձևավորվել նոր կարծիք: Սրանով մենք փաստում ենք մեր ժողովրդավարությունը և կոլեգիալ կառավարումով առաջնորդվելու պատրաստակամությունը»,- ասաց Զեյնալյանը: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին դեմ քվեարկեցին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: Նախագծի ամբողջական ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները. Արտաքին գործերի նախարարություն Պաշտպանության նախարարություն Արտակարգ իրավիճակների նախարարություն Արդարադատության նախարարություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն Բնապահպանության նախարարություն Առողջապահության նախարարություն Ֆինանսների նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

Նմանատիպ նյութեր