211652_close_icon
views-count4276 դիտում article-date 19:04 19-04-2019

Երեւանում Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված ջազ համերգ է տեղի ունեցել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում

Ապրիլի 17-ին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային ամբիոնի նախաձեռնությամբ՝ ի դեմս ամբիոնի վարիչ Նարինե Զարիֆյանի, Ակուստիկ լաբորատորիայում տեղի ունեցավ համերգ` նվիրված Երեւանում Ֆրանկոֆոնիայի օրերին: Համերգի պատվավոր հյուրերն էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը, Անատոլ Ֆրանսի անվան Ֆրանսիական դպրոցի տնօրեն Մարտեն Բեկերը, ինչպես նաեւ դպրոցի Վարչական եւ ֆինանսական տնօրեն Լուսինե Թեւոսյանն ու ֆրանսերեն լեզվի ուսուցիչ Անն Ժէն: «Մեծ ոգեւորությամբ կազմակերպեցինք այս համերգը, որն առաջին հնարավորությունը դարձավ ԵՊԿ-ի ջազ-էստրադային ամբիոնի ուսանողների համար՝ մասնակցելու Հայաստանում «Ֆրանկոֆոնիայի սեզոն» միջոցառումների շարքին: Նմանատիպ ելույթները կլինեն շարունակական՝ ամբիոնի մնացած բոլոր ուսանողներին Ֆրանկոֆոնիային նվիրված ոնակատարություններին ներգրավելու համար», - նշում է ջազ-էստրադային ամբիոնի վարիչ Նարինե Զարիֆյանը: Շնորհակալություն հայտնելով հյուրերին համերգին ներկա գտնվելու համար` միջոցառման վարող, ջազ-էստրադային ամբիոնի չորրորդ կուրսի ուսանող Նարինա Մկրտչյանը խոսեց հայ-ֆրանսիական բարիացակամ հարաբերությունների եւ Հայաստանում ֆրանսիական մշակույթի եւ լեզվի արժեւորման մասին: Ողջույնի խոսքին հաջորդեցին ԵՊԿ-ի ջազ-էստրադային ամբիոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողների ֆրանսերեն լեզվով կատարումները: Հնչեցին աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնիե Էդիթ Պիաֆի «Non, je ne regrette rien» եւ բելգիացի երգչուհի Լառա Ֆաբիանի «Je t’aime» ստեղծագործությունները, ինչպես նաեւ ժամանակակից կատարողներ ԶԱԶ-ի «Les Passants» եւ «Je veux» ու Ինդիլայի «Dernière dance» երգերը: Ֆրանսիական երաժշտությանը նվիրված որեւէ միջոցառում չի կարող համարվել լիարժեք առանց աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնիե Շառլ Ազնավուր(յան)ի ստեղծագործությունների: Այդ կապակցոթյամբ բակալավրիատի երկրորդ կուրսի ուսանող Արսեն Զաքարյանը, ով վերջերս արժանացավ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից կազմակերպված ֆրանսիական երգի ամենամյա մրցույթի «Շառլ Ազնավուրի երգի լավագույն կատարում» անվանակարգի երկրորդ մրցանակին, կատարեց նրա «La Mamma» եւ «Quand tu m’aimes» գործերը: Համերգի ավարտն ազդարարող Շառոյան Բենդ (Sharoyan Band) հայկական մոտիվներով ջազային ստեղծագործությունների ու Դավիթ Պարոնիկյանի եւ ընկերների կատարումներից հետո կարճ ելույթ ունեցավ Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը: Շնորհավորելով ԵՊԿ-ին եւ ջազ-էստրադային ամբիոնի ուսանողներին ֆրանսերեն հրաշալի ելույթների առթիվ, նա հայտնեց, որ հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը, Հայաստանում տեղի է ունենալու համերգ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին, որին կմասնակցի բարիտոն Ժեղեմի Դելվեղի ղեկավարած Ֆրանսիայի Հանրապետական պահակախմբի քառյակը: Բորտոլանը նշեց նաեւ հունիսի 23-ին կայանալիք Երաժշտական փառատոնի (Fête de la Musique) մասին, որին կմասնակցեն ֆրանսիահայ կիթառահար Դան Ղարիբյանն ու նրա եռյակը: «Շատ լավ է, որ Կոնսերվատորիան նույնպես միանում է Հայաստանում «Ֆրանկոֆոնիայի սեզոն»-ին: Սիրով պատրաստ ենք համագործակցել Կոնսերվատորիայի հետ երաժշտական միջոցառումների կազմակերպման հարցում», - ասաց Բորտոլանը: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (ԵՊԿ) հիմնադրվել է 1921թ.՝ որպես երաժշտական ստուդիա, իսկ երկու տարի անց դարձել է Հայաստանում առաջին բարձրագույն երաժշտական կրթական հաստատությունը: Տեղակայված մայրաքաղաքի կենտրոնում` Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ ֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահի հարեւանությամբ` ԵՊԿ-ի պրոֆեսորա-դասախոսական կազմը համալրված է Հայաստանի լավագույն երաժիշտներով` կոմպոզիտորներով, երաժշտագետներով, կատարողներով, որոնք աջակցում եմ ԵՊԿ-ի ավելին քան 1000 ուսանողներին պահպանել եւ հավերժացնել ինչպես հայկական, այնպես էլ միջազգային երաժշտության հարուստ ժառանգությունը: ԵՊԿ-ին եւ իր գործունեությանն ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելեք www.conservatory.am: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (OIF), նախկինում Մշակութային եւ տեխնիկական համագործակցության գործակալություն (ACCT), ստեղծվել է 1970 թվականին՝ ֆրանսերեն լեզուն եւ կազմակերպության 88 անդամ եւ դիտորդ պետությունների ու կառավարությունների միջեւ համագործակցությունը խթանելու նպատակով: 2014 թվականից ի վեր Հայաստանը, որպես կազմակերպության լիարժեք անդամ, ամեն տարվա մարտ-ապրիլ ամիսներն հռչակում է «Ֆրանկոֆոնիայի սեզոն»՝ ֆրանսերեն լեզուն եւ ֆրանկոֆոն մշակույթները լեզվական եւ մշակութային միջոցառումների միջոցով խթանելու համար: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն ու նրա ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ www.francophonie.org:

Նմանատիպ նյութեր