2822 դիտում
10:25 20-04-2019
Ի՞նչ աշխատավարձի բարձրացման մասին է խոսում վարչապետը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Մոտենում է իշխանափոխության մեկ տարին։ Թավշյա հեղափոխության ձեռքբերումների առումով նոր իշխանությունը հպարտանալու շատ բան չունի։ Հասարակությունը շարունակում է նույնքան վատ ապրել, ինչպես մինչև իշխանափոխությունը։ Ավելին՝ սոցիալական վիճակը Հայաստանում մի բան էլ վատացել է։ Մարդիկ ոչ միայն չեն զգում, այլև չեն տեսնում այն տնտեսական ու սոցիալական ձեռքբերումները, որոնք խոստանում էին թավշյա հեղափոխության առաջնորդները։
Հեղափոխության օրերին ահա թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանն աշխատավարձերի բարձրացման մասին։
«Ես այսօր այս հանրահավաքի առաջ ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Սերժի հեռացումից հետո պետական աշխատողների աշխատավարձերը կբարձրացվեն, որպեսզի նրանք շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել սրա-նրա հայաթներում` ընտանիք պահելու համար։ Բայց սա չի նշանակում, թե միայն նրանց աշխատավարձը պիտի բարձրացվի»,- այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է անցած տարվա ապրիլի 19-ին կայացած հանրահավաքում։
Դրանից մեկ տարի անց փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե խոստումը կատարվել է։
«Բարձրացել է շուրջ 208 հազար մարդու աշխատավարձ»,- ֆեսբյուքյան իր էջում գրում է Նիկոլ Փաշինյանը։
Ի՞նչ աշխատավարձի բարձրացման մասին է խոսում վարչապետը։ Կուտակային կենսաթոշակների համակարգի պարտադիր 5 տոկոսը 2,5 տոկոս դարձնե՞լն է աշխատավարձի բարձրացումը։ Եթե սա է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած աշխատավարձի բարձրացումը, ապա այլ բան անիմաստ է ասել։
Մի՞թե այդ 2,5 տոկոսն էր պակասում պետական համակարգում ընդգրկված քաղաքացիներին, որպեսզի այլևս շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեին բետոն թափել սրա-նրա հայաթում` ընտանիք պահելու համար։
Իսկ մնացած 300-350 հազար աշխատողնե՞րը։ Թե՞ նրանց չէր վերաբերում աշխատավարձերի բարձրացման խոստումը։ Ավելին՝ նույն կուտակային կենսաթոշակային համակարգին միանալու պատճառով բազմաթիվ աշխատող քաղաքացիների փաստացի եկամուտները նույնիսկ նվազել են։ Ինչո՞ւ սրա մասին ոչինչ չի ասվում։
Ու որքան էլ վարչապետը հայտարարի աշխատավարձերի բարձրացման ոլորտում իր կառավարության լուրջ ձեռքբերումների կամ ոստիկանության ու պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերի 20-30 տոկոս աճի մասին, միևնույն է, պաշտոնական ցուցանիշներն այլ բան են ասում։ Վիճակագրական ծառայության տվյալները փաստում են, որ վերջին մեկ տարում Հայաստանում միջին աշխատավարձը պետական համակարգում բարձրացել է ընդամենը 2,6 տոկոսով։
Սա աշխատավարձի բնականոն աճ է, որն ամեն տարի էլ լինում է, և դա կառավարության ղեկավարի շնորհքը չէ։ Ավելին, ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարվա սկզբին աշխատավարձերի աճի տեմպը նույնիսկ նվազել է։ Այն շատ ավելի ցածր է, քան մինչև իշխանափոխությունն էր։
«Այս տարվա հուլիսի 1-ից բարձրանում է՝ զինվորականների, սեպտեմբերի 1-ից` ուսուցիչների աշխատավարձը»,- ասում է վարչապետը։
Խոսքն աշխատավարձի 10 տոկոս ավելացման մասին է, որը, դեռ հայտնի չէ՝ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Չնայած, եթե նույնիսկ այդպես լինի, հազիվ թե կարելի է կարծել, որ դրանով լուրջ խնդիր է լուծվում։ 5 կամ 10 հազար դրամը մեծ բան չի փոխում այդ մարդկանց սոցիալական վիճակի մեջ։ Առավել ևս, եթե հաշվի առնենք գնաճի այն տեմպը, որը կա հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3978 դիտում
10:24 30-03-2019
Եկամուտների ի՞նչ գերակատարման մասին է խոսում վարչապետը. «168 ժամ»
Այս բաժնից
1033 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»