211652_close_icon
views-count3219 դիտում article-date 11:01 20-04-2019

Քաղաքացու օրն, ի հեճուկս անվան, նշվելու է բոլորովին այլ օր․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Քաղաքացու օր նշելու համար կառավարությունը որոշել է հատկացնել 124 միլիոն դրամ: Քննադատությունները շատ են՝ ինչո՞ւ այդքան շատ: Իմ կարծիքը հետևյալն է. եթե իսկապես պետք է նշվի Քաղաքացու օր, ապա այդ գումարն «ափսոս չէ»: Պարզապես ես ենթադրում եմ, որ ի հեճուկս անվան, նշվելու է բոլորովին այլ օր: Քաղաքացու օր նշելու համար պետք է նախ որոշել Հայաստանում ապրողներից ովքեր են քաղաքացի, ովքեր՝ ոչ: Եթե դա զուտ իրավական կատեգորիա է, ապա ՀՀ անձնագիր ունեցողները, այդ թվում անգամ նրանք, ովքեր ունեն նաև այլ երկրների անձնագիր, այդ բոլոր մարդիկ պետք է նշեն տվյալ տոնը: Բայց դա առանձնապես իմաստ չունի, որովհետև այդ դեպքում կորում է տոնի քաղաքական իմաստը: Ինքնին հասկանալի է, երբ ասում ենք՝ «Քաղաքացու օր», «քաղաքացի» հասկացության մեջ ներդնում ենք որակական իմաստ: Բայց այդ պարագայում անձնագիր ունեցողների միջև առաջանում են բաժանարար գծեր: Կա՞ն արդյոք հպարտ և ոչ հպարտ քաղաքացիներ, հպարտների մեջ կա՞ն առավել և պակաս հպարտներ: Արդյոք նրանք, ովքեր մի տարի առաջ չեն քայլել և փողոցներում մեքենաների առաջ չեն պառկել, նրանք քաղաքացինե՞ր են: Իսկ նրանք, ովքեր փողոց փակելուց առաջ տարիներ շարունակ մասնակցել են ընտրություններ կեղծելու գործընթացի՞ն: Իսկ նրանք, ովքեր պառկելուց հետո շարունակել են գողանալ և խաբե՞լ: Արդյո՞ք քաղաքացիներ են միայն Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին ատողներն ու հայհոյողները: Թե՞ քաղաքացի են նաև նրանք, ում սրտում ոչ մեկի նկատմամբ ատելություն չկա: Քաղաքացի՞ էր արդյոք մաքսատան այն պաշտոնյան, որին հրապարակավ նվաստացնում էր վարչապետը: Թե՞ քաղաքացի լինելու դեպքում նա հրաժարական չէր տա և կպահանջեր ծառայողական քննություն: Մի խոսքով՝ եթե կան բաժանարար գծեր «մերոնց» և «օտարների», «սևերի» և «սպիտակների», «հրեշտակների» և «թալանչիների», «նիկոլականների» և «ոչ-նիկոլականների», «հաղթողների» և «պարտվողների» միջև, ուրեմն նշվելիք տոնը Քաղաքացու օր չէ, տոնը պետք է այլ կերպ կոչել: Առաջարկում եմ տոնը վերանվանելու տարբերակներ՝ «Հեղափոխության առաջին տարեդարձ», «ՀՀԿ-ի դեմ տարած հաղթանակի օրը», «Քաղաքացիական պայմանագրի» («Իմ քայլի») օր, «Թալանչիներին վերացնելու օր»: Վստահ եմ, որ այս դեպքում էլ իշխող կուսակցության ուրախությանը կմիանան տասնյակ հազարավոր մարդիկ, և անկեղծ ոգևորությամբ կմասնակցեն միջոցառումներին: Բայց նման անվանում ունեցող օրվա համար պետական բյուջեից չարժե գումար հատկացնել: Իշխող քաղաքական ուժն այլ տեղից էլ կարող է, հավանաբար, միջոցներ գտնել: Քաղաքացու օրը ենթադրում է ԲՈԼՈՐ քաղաքացիների միասնություն: Իսկ նման մթնոլորտ առայժմ չկա»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր