211652_close_icon
views-count2800 դիտում article-date 18:58 22-04-2019

Դատախազության կողմից ստուգման են ենթարկվել ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկները

Կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, ինչպես նաև պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության հերթական ստուգումներն իրականացվել են ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում: Ստուգման առարկա է դարձել նաև դատապարտյալների, կալանավորված անձանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը և համաչափությունը: Արդյունքում նշված երկու ՔԿՀ-ներում հայտնաբերվել են նույնաբովանդակ որոշ խախտումներ: Մասնավորապես պարզվել է, որ ինչպես «Հրազդան», այնպես էլ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում չեն կատարվում պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտությունների ենթարկելու պահանջները, պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն կենցաղավարման որոշ պարագանելով և հարմարություններով: Բացի այդ, երկու ՔԿՀ-ում էլ առկա են եղել խնդիրներ՝ կապված հեռախոսազանգից և տեսազանգից օգտվելու ժամանակացույցի հետ: ՔԿՀ-ներում պահվող մի շարք անձանց անձնական գործերի ստուգմամբ պարզվել է, որ իրենց անձնական գործերում առանձնակի դաժանության կամ բռնության մասին վկայող տվյալներ ունեցող դատապարտյալներին հաշվառված չեն իբրև ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողներ, ինչը անհրաժեշտ է նրանց սոցիալ-հոգեբանական նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար: ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ բժշկական սպասարկման բաժնում առկա չէ ստացիոնար բաժանմունք, և յուրաքանչյուր անգամ պահվող անձանց ստացիոնար բուժման նպատակով տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց կամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Բացի այդ, նշված ՔԿՀ-ում արձանագրվել են առանց համապատասխան թույլտվության որոշ պահվող անձանց քնելատեղերի՝ վարագուրապատվածության դրսևորումներ, ինչը հնարավորություն չէր տալիս ՔԿՀ-ի համապատասխան ծառայողի կողմից ամբողջությամբ դիտարկել խցում պահվող անձանց տեղաշարժը: Որոշ խցերում արձանագրվել են նաև քրեական ենթամշակույթին բնորոշ փորագրված կամ նկարված նշաններ: «Հրազդան» ՔԿՀ-ում արձանագրված մյուս խախտումները վերաբերել են առանձին դեպքերում կարգապահական տույժ կիրառելու համաչափության սկզբունքը չպահպանելուն, պատիժը լրիվ կրելով ազատվող դատապարտյալների հետագա բնակության վերաբերյալ սահմանված ժամկետներում հարցումներ կատարելուն, համապատասխան ոստիկանական բաժանմունքներին տեղեկացնելու պահանջը չկատարելու, պահվող անձանց տրամադրվող զբոսանքի ժամանակցույց չունենալուն, ՔԿՀ-ի ԲՍԲ մասնագետների կողմից պատժախցերում անձանց ամենօրյա ռեժիմով այցեր կատարելուն, առանձին դեպքերում ՔԿՀ-ի չվարձատրվող աշխատանքներում դատապարտյալների ներգրավման կանոնները չպահպանելուն: Ստուգման պահին արձանագրվել է խնդիր նաև հանձնուքի ընդունման և հանձման գործընթացում՝ կապված հանձնուքում առկա առարկաների և սննդամթերքի տեսականու և քանակի՝ դիմումում առկա տվյալներին համապատասխանության որոշման հետ: Այսուհանդերձ, ստուգմամբ պարզվել է նաև, որ բարվոք վիճակում են «Հրազդան» ՔԿՀ-ի տարածքի և կացարանների սանիտարահիգիենիկ պայմանները, որոնք համապատասխանել են սահմանված չափանիշներին: Բացի այդ, պահպանված են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, իսկ պահվող անձանց անվտանգության իրավունքի ապահովման համար ստեղծված են անհրաժեշտ պայմաններ: ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի դեպքում հիմնական խախտումները պայմանավորված են եղել ՔԿՀ-ի կալանավորվածներին պահելու վայրի խցերում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման համար հերթապահություն բացակայությամբ և համապատասխան վերահսկողության չիրականացման, ՔԿՀ-ում ստեղծված կրոնական, մշակութային, լուսավորչական և մարզական 4 ինքնագործ միավորումների կազմավորման, աշխատանքների ղեկավարման և կազմակերպման համար սահմանված պահանջների պահպանման հետ: Արձանագրված խախտումների մեծ մասը «Հրազդան» և «Աբովյան» ՔԿՀ-ների վարչակազմերի կողմից վերացվել են հենց ստուգումների ժամանակահատվածում: ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից անցկացված խորհդրակցությունների ընթացքում ՔԿՀ-ների վարչակազմերը պարտավորվել են սեղմ ժամկետներում վերացնել մնացած բոլոր խախտումները և արդյունքների մասին հայտնել ՀՀ դատախազությանը: Ստուգումների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության վերոնշյալ վարչության պետը անցել է ՔԿՀ-ների բոլոր խցերով, զրուցել դրանցում բնակվող անձանց հետ, ըստ անհրաժեշտության՝ տվել պարզաբանումներ նրանց հետաքրքրող հարցերի վերաբերյալ: [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր