211652_close_icon
views-count2062 դիտում article-date 10:48 24-04-2019

Հիշատակը վառ պահելու խնդիր չկա. պետք է վառ պահել իրավունքը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մենք՝ հայերս, հին ազգ ենք. եթե ուշադիր նայենք մեր մշակութային կոթողներին կամ պարզապես ցանկացած հայ մարդու աչքերին, ապա կարելի է նկատել, զգալ «դարերի բեռը»: Բայց հին ազգերի մոտ սովորաբար ժամանակի մասին պատկերացումները յուրահատուկ են, նրանք, կարծես, «սանձել են ժամանակը»: Հեռու չգնալու համար կարելի է օրինակ բերել մեր հարևան պարսիկներին. կա նրանց մոտ որոշակի, կարելի է ասել, հանդարտություն: Իրենց կեցվածքով նրանք կարծես թե ասում են՝ «ոչինչ, այն մեզ մոտ չի ստացվել հիմա, կստացվի 500 տարի հետո»: Նույնը չինացիները և Հեռավոր Արևելքի այլ ժողովուրդները: Դա գալիս է դարերի ընթացքում անընդմեջ պետություն ունենալու առավելությունից, այդ ազգերը վստահ են, որ իրենց պետությունը հավերժ է, անկախ նրանից, թե ինչպիսին է այն՝ զրադաշտական, աշխարհիկ, իսլամական, բուդդիստական, կոմունիստական, հենց պետությունն ու իր քաղաքացիներն են լուծելու ազգային խնդիրները: Մենք նման վստահություն առայժմ չունենք, և եթե հաշվի առնենք նաև ավելի քան 100 տարի առաջ ստացած հոգեբանական տրավման, «ժամանակը սանձելու» խնդիրը չենք լուծել: Միտումնավոր մի կողմ եմ թողնում մեր և հրեաների չարչրկված համեմատությունը. ինձ թվում է՝ նմանություններն ավելի շատ են, քան տարբերությունները, այդ թվում այն տարբերությունները, որոնց հանդեպ մենք «բարի նախանձով» ենք վերաբերվում, բայց դա խոսակցությունը կտանի այլ ուղղությամբ: Խնդիրների լուծման բանալին, հետևաբար, պետությունն է: Իսկ դա նշանակում է, որ չարժե խոսել Հայոց ցեղասպանության մասին այն ոճով, որով դա անում էին 1960-70-ականների խորհրդահայ մտավորականները: Նրանք տաղանդավոր և հայրենասեր մարդիկ էին, նրանց խնդիրն էր փոխանցել հայերի հաջորդ սերունդներին մեր ազգի ապրած ցավը, վառ պահել տառապանքների հիշատակը: Հիշյալ ժամանակաշրջանի կարևորագույն այդ խնդիրը նրանք փայլուն կերպով լուծել են: (Չնայած նման մոտեցման արդյունքում «տուժել» է Կոմիտասը՝ տիտանական աշխատանք կատարած այդ ուժեղ, չափազանց գործունյա անձնավորությունը ներկայացվում էր որպես «ի սկզբանե խելագար»): Հիմա «հիշատակը վառ պահելու» խնդիր չկա. մեր թոռներն ու ծոռները շատ լավ կիմանան, թե ինչ է տեղի ունեցել 20-րդ դարի սկզբում: Խնդիրն այսօր շատ ավելի պրագմատիկ է՝ պետք է «վառ պահել» իրավունքը, այսինքն այն իրողությունը, որ մեզ, հայերիս զրկել են ոչ միայն կյանքի, այլև մեր հողին և գույքին տիրելու իրավունքից: Դա հայաստանյան և սփյուռքյան կառույցների, հայկական քաղաքական, հասարակական, գիտական շրջանակների, իրավաբանների և դիվանագետների խնդիրն է: Իսկ ի՞նչ պետք է անենք մենք, մնացած հայերս՝ նույն խնդիրն առաջ տանելու համար: Բնականաբար, պետք է ուժեղացնենք հայկական պետությունը, այնպես անենք, որ հետագա սերունդների գիտակցության մեջ ամրապնդվի դրա հավերժության գիտակցությունը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր