211652_close_icon
views-count1269 դիտում article-date 12:15 24-04-2019

Մեզանից յուրաքանչյուրի մտքում կրկին ծանրանալու են հարցեր. Սեյրան Օհանյան

Հայոց Մեծ եղեռնի մասին բազմաթիվ գրքեր են հրատարակվել՝ հսկայածավալ վավերագրություն, որը, որքան էլ բազմակողմանի եւ անաչառ լինի, միեւնույն է, ի զորու չէ ամբողջովին ներկայացնելու 20-րդ դարասկզբին թուրքական իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունների, հայերի ունեզրկման ողբերգական պատմությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Հայոց ցեղասպանության մասին անհերքելի վկայություններ են պահպանվել նաեւ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Կոստանդնուպոլսում հրատարակվող օրաթերթերում, ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Ֆրանսիայի եւ եվրոպական այլ առաջավոր երկրների մամուլում, օտար դիվանագետների եւ նշանավոր քաղաքական-հասարակական գործիչների տեղեկագրերում, որտեղ նշվել է, թե հայերին բնաջնջելու հիմնական դրդապատճառը այն հանգամանքն էր, որ հայերը կարողացել էին իրենց ձեռքում կենտրոնացնել եւ արդյունավետ վարել երկրի տնտեսական լծակները՝ դառնալով առաջամարտիկներ ոչ միայն տնտեսության, այլեւ գիտությունների զարգացման գործում, եւ օրեցօր բարձրանում էր նրանց քաղաքական կշիռը օսմանյան կայսրության մեջ։ Գերմանացի հայտնի լրագրող, հասարակական գործիչ Հարրի Շթյուրմերը, 1915-1916 թվականներին լինելով Արեւմտյան Հայաստանում եւ ականատես լինելով հայ ժողովրդի դեմ իրականացվող անմարդկային, անպատմելի վայրագություններին, գրել է․ «Հայտարարում եմ ուրեմն, որ այս վայրագ միջոցների ծավալումը ցեղային մոլեռանդության հետեւանք էր՝ ամենից անարգ, ամենից շնական եւ ամենից ոճրայինը, որ երբեւէ արձանագրել է մարդկային պատմությունը, եւ այս հանցագործությունը տեղի ունեցավ միմիայն այն պատճառով, որ թուրքերը զգում էին իրենց չափազանց ստորությունը տնտեսական, քաղաքական տեսանկյունից այս ոչ թուրք տարրի հանդեպ եւ ուզում էին հավասարություն հաստատել ուժի միջոցով՝ ի նպաստ իրենց»։ (․․․Մենք կցանկանայինք չծանրացնել պատմությունը մեկնաբանություններով, սակայն իրականությունը այլ բառերով ներկայացնել հնարավոր չէ) Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության եւ ունեզրկման ուսումնասիրությունը ոչ միայն գիտական-ճանաչողական նշանակություն ունի, այլեւ պետք է հիմք դառնա հայ-թուրքական հարաբերությունները այլ հարթակ տեղափոխելու, օսմանյան կայսրության իրավաժառանգորդ Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դրանից բխող պատասխանատվությունը կրելու համար, այլապես «հայերի քարավանների զարհուրանքները դեռ երկար կծանրանան թուրք անվան վրա եւ դեռ տեւականորեն զենք կմատակարարեն նրանց, ովքեր կհերքեն Թուրքիայի քաղաքակիրթ պետություն լինելու հանգամանքը եւ կպահանջեն թուրքերի արտաքսումը Եվրոպայից» (մեջբերումը 1917 թ․ Կոստանդնուպոլսում արտակարգ միսիայի դեսպան Քյուհլմանի զեկուցագրից է)։ ․․․Այսօր մեզանից շատերն իրենց քայլերն ուղղելու են դեպի Ծիծեռնակաբերդ, աշխարհասփյուռ հայությունը խոնարհվելու եւ խնկարկելու է սրբադասված անմեղ զոհերի հիշատակը։ Մեզանից յուրաքանչյուրի մտքում կրկին ծանրանալու են հարցեր, եւ գուցե կրկին հիշենք նժդեհյան ամենածանր խոհերից մեկը․ «Հայոց պատմությունը մեզ մի հատիկ բան է սովորեցնում՝ այն, որ հայն իր պատմությունից բնավ չի սովորում․․․ Մեզ սպանել է ոչ թե թուրքը, այլ մեր տկարությունը թուրքի ձեռքով»։ Հայոց ցեղասպանության անդառնալի իրողությունը եւ աշխարհաքաղաքական նոր մարտահրավերները, որ օրեցօր սրվում են՝ իրական սպառնալիք դառնալով համայն աշխարհի մարդկության համար, եւս մեկ անգամ պիտի ստիպեն միջազգային կառույցներին, գիտակից հանրությանը կենտրոնացնել բոլոր ուժերը նոր պատերազմները, ցեղասպանությունները կանխելու համար։ Պիտի ստիպեն մեզ, որ լինենք ավելի համախմբված, միասնական, ավելի հզորանանք եւ ի մի բերելով ազգի սերուցքը, անցյալի հաղթանակներին հենվելով՝ նոր նվաճումներ ունենանք՝ ապահովելով մեր պետության եւ ժողովրդի արժանապատիվ ներկայությունը աշխարհի հզոր տերությունների կողքին»:

Նմանատիպ նյութեր